չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսիին։ Վարչապետը շնորհավորել է հավատարմատարին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ արդյունավետ աշխատանքի արդյունքում առիթ կունենա առաջիկայում շնորհավորել արդեն արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առիթով։ Ընդգծելով, որ Սիրիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է գրավում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ, վարչապետը այդ հարցում կարևորել է երկու երկրների դիվանագետների ակտիվ աշխատանքը։ Նա նշել է, որ նախկին դեսպան Համեդ Հասանի հետ փոխգործակցությունը բավականին հաջող է ընթացել. մեծ աշխատանք է տարվել իրավական դաշտի ձևավորման, համագործակցության ներուժի օգտագործման ուղղությամբ։ Վարչապետի խոսքերով, Սիրիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար լայն հնարավորություններ ու ներուժ կա, որը մինչև վերջ օգտագործելու դեպքում, արդյունքներն անհամեմատ մեծ կլինեն։
Պարոն Աբսին շնորհակալություն է հայտնել բարեբաղթանքի համար և ՀՀ վարչապետին փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները։ Նշելով, որ Հայաստանում իր գտնվելու կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է բարեկամ հայ ժողովրդի բարյացկամությունը, ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը վստահեցրել է, որ նույնպիսի ջանադրությամբ կշարունակի դեսպան Համեդ Հասանի գործը, նպաստելով ստորագրված փաստաթղթերի արդյունքները հնարավորինս շուտ երկու երկրների տնտեսություններում զգալուն։