չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Բատակովիչին, որը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և մաղթել հաջողություններ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և ինքն անձամբ պատրաստ են սերտորեն համագործակցելու — աջակցելու դեսպանին։
Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցին, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ նկատի ունենալով վերջին տասնամյակում Հայաստանի և Հարավսլավիայի միջև կապերի որոշակի խզումն ու տնտեսական հարաբերությունների անբավարար մակարդակը անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել իրավապայմանագրային դաշտ, ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների միջև։ Նա ավելացրել է, որ կառավարությունում արդեն ընթացքի մեջ են 3-4 համաձայնագրերի մշակման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն։
Համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետին, դեսպան Բատակովիչը կարևորել է ոչ հեռու անցյալում գոյություն ունեցած համագործակցությունը տարբեր ոլորտներում շինարարություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վերականգնելու անհրաժեշտությունը, քանի որ դրանք այսօր էլ հեռանկարային են։
Հանդիպման ընթացքում խոսելով երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների մասին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտությամբ է հիշել Սպիտակի երկրաշարժի օրերին օգնության ձեռք մեկնած հարավսլավացի օդաչուների հերոսական սխրանքը, որոնց հիշատակը հարգվում է Հայաստանում և հավերժացվել է հուշարձան-կոթողով։ Վարչապետն անդրադարձել է նաև հարավսլավական հայ համայնքին, որոնք որոշակի դժվարություններ են ունեցել ռազմական հակամարտությունների պատճառով։ Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաև 1960-ական թվականներին քաղաքաշինական ծրագրերի իրագործման արդյունքում քանդված հայկական եկեղեցու մասին, Բելգրադում հայկական համայնքին պատկանող շինության պետականացման և քանդման մասին, որը համայնքը փորձում է վերադարձնել և մշակութային կենտրոն հիմնել։
Դեսպան Դուշան Բատակովիչը խոստացել է այդ հարցերը ուսումնասիրել և դիտարկել հայ համայնքին օգտակար լինելու հնարավորությունները։ Դեսպանը շատ է կարևորել միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի և Հարավսլավիայի սերտ համագործակցությունը, որի վերաբերյալ, ըստ նրա, արդեն նախարար Օսկանյանի հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ ՀՀ վարչապետի և մեր երկրում Հարավսլավիայի դեսպանի միջև հանդիպմանը հակիրճ անդրադարձ է եղել նաև երկու երկրների տնտեսական, քաղաքական ներկայիս վիճակին ու առաջիկա ծրագրերին։