երեքշաբթի, 12 օգոստոսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Կրիստալ» ընկերության նախագահ Մաքսիմ Շկադովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցության, մասնավորապես, ռուսական «Կրիստալ» և հայկական «Դի Սի Էյ» ընկերությունների միջև այս տարվա մարտին ստորագրված հուշագրով նախանշված փոխգործակցության իրականացման հարցեր: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ռուսական հումքի ներմուծմամբ և վերամշակմամբ, ինչը նշանակում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև այդ ոլորտում փոխշահավետ համագործակցության շուրջ տարբեր մակարդակներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն:
«Կրիստալ» ընկերության նախագահը ևս ընդգծել է, որ Հայաստանում, որտեղ ոսկերչությունը պատմական արմատներ ունի, փոխանցվել է սերնդե սերունդ և հմուտ մասնագետների պակաս չի զգացվում, կան բոլոր անհրաժեշտ պայմանները` ադամանդագործությունը զարգացնելու համար, ինչին անպայման կնպաստի նաև հայ-ռուսական համագործակցության խթանումը: Մաքսիմ Շկադովը նշել է, որ մոտ օրերս արդեն իսկ Հայաստան կառաքվի ռուսական ալմաստների առաջին խմբաքանակը, քննարկվում է նաև դրա ծավալների ավելացման հարցը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ոլորտում համագործակցության արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրների հնարավորինս արագ վերացման հարցին` համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի: