չորեքշաբթի, 23 հոկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի և Բալթյան երկրների տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ ՕԲրայենին։ Վերջինս մեր երկրում է գտնվում ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան համագործակցության եռամյա (2002-2004 թթ.) ծրագրի միջանկյալ վերանայմանը նվիրված քննարկումներին մասնակցելու նպատակով։
Իր գոհունակությունը հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տասնամյա համագործակցությունից, Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորել է այդ համագործակցության արդյունքում վերջին երկու տարիներին մեր երկրում մշակվող «Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը», որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։ Ըստ վարչապետի, Հայաստանում շատ լուրջ աշխատանքներ են տարվում նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտի բարեփոխումների, միջազգային պարտավորությունների կատարման, մասնավորապես, Երեխաների իրավունքների կոնվենցիայի արձանագրությունների վավերացման ուղղությամբ։
Պարոն Ֆիլիպ ՕԲրայենը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության, համապատասխան նախարարությունների հետ իրենց համագործակցությունը։ Նշելով, որ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որոնք ձեռնարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ստեղծումը, նա մասնավորապես ողջունելի է համարել աղքատության կրճատման ռազմավարության մեջ այն ընդգրկելու մեր երկրի կառավարության մոտեցումը։ Տարածաշրջանային տնօրենն ընգծել է, որ չնայած դժվարություններին, Հայաստանն զգալի հաջողությունների է հասել տնտեսության մեջ, կյանքի այլ բնագավառներում, մասնավորապես առողջապահության ոլորտում և ուրախությամբ արձանագրել, որ այստեղ երեխաներն ապրում են մի երկրում, ուր վերացվել է ողջ աշխարհում նրանց սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը` պոլիոմելիտը։
Հանդիպման վերջում կողմերը հավաստել են արդյունավետ hամագործակցությունը շարունակելու և խորացնելու իրենց պատրաստակամությունը` ի շահ երեխաների առողջ ու անվտանգ ապագայի։