հինգշաբթի, 28 օգոստոսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է երկրի և հասարակության բնականոն կյանքի ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող մի քանի հարցերի վրա: Իր խոսքում Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է Գորիի մոտակայքում պայթեցված կամրջի հետևանքով ստեղծված իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Բոլորդ գիտեք, որ այլընտրանքային կամուրջն արդեն գործում է, ապրանքները մեծ քանակությամբ ներմուծվում են Վրաստանի տարածքից և կուտակված բեռները հայտնվում են Հայաստանում, ինչի շնորհիվ վերջին օրերին նկատվող լարվածությունն ամբողջությամբ կթուլանա: Առաջին հերթին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեք շաբաթվա ընթացքում մեզ հետ համագործակցող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք նվիրված կերպով օժանդակում էին օպերատիվ շտաբի աշխատանքներին և դրսևորում էին բարձր քաղաքացիական վարքագիծ, և ես, անկեղծ ասած, զարմացած էի այդ մարդկանց նվիրված աշխատանքից: Խոսքը սովորական վարորդների մասին է, ովքեր մեր շարասյունի մեջ էին և Բաթումից օգնում էին մեզ տեղափոխելու բեռները, խոսքը մասնավոր ընկերությունների մասին է, որոնք առանց շահույթի նպատակ հետապնդելու օժանդակում էին մեզ մեր կազմակերպչական աշխատանքում: Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել զանգվածային լրատվության միջոցներին, որոնք օպերատիվ և օբյեկտիվ ներկայացնում էին իրավիճակը, որի արդյունքում հասարակությունում մենք կարողացանք պահպանել կայունություն և ստեղծված իրավիճակի ըմբռնում, ինչի շնորհիվ, ընդհանուր առմամբ, չկար նաև լարվածություն: Բայց, միևնույն ժամանակ, պետք է ցավով նշեմ, որ կային լրատվամիջոցներ, այդ թվում և արտասահմանյան, որոնք, չգիտես ինչու, վերջին օրերի ընթացքում կաշվից դուրս էին գալիս` ապացուցելու, որ մենք ունենք լուրջ պրոբլեմներ, որ մեզ սպասում են ցնցումներ, որ գները պետք է անպայման բարձրանան և այլն: Ջանք չէին խնայում այդպիսի տրամադրություններ ստեղծելու: Սա ամենապրիմիտիվ պրովոկացիա է, որի նպատակը ոչ թե իշխանություններին թուլացնելն է, այլ մեր պետությունը թուլացնելը, որովհետև արտակարգ իրավիճակներում իշխանությունները չեն թուլանում, նրանք համախմբվում են: Իսկ նման աշխատաոճ ընտրած լրատվամիջոցների նպատակը հասկանալի է, դա` այդպիսի պրովոկացիոն հաղորդումներ կազմակերպելը, ամենևին էլ չի բխում մեր հասարակության շահերից: Ցավոք, մեր ընդդիմախոսները նույնպես փորձում էին այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել` համեմատություններ անցկացնելով անցյալի հետ, որոնք ուղղակի ժպիտ են առաջացնում, երբ հիշում ենք, թե ինչպե՞ս էին իրենք արտակարգ իրավիճակներում կարգավորում մեր երկիրը, հայտարարելով, որ բենզինի 1 լիտրը 1000 դրամ է և ավելին, որ կառավարությունը ի վիճակի չէ կառավարել այս իրավիճակում: Մյուս կողմից` մեզ «խորհուրդներ» էին տալիս, թե ինչպե՞ս պետք է կառավարենք այս իրավիճակում: Ցավալի է: Ես ափսոսանք եմ հայտնում այսպիսի իրավիճակի կապակցությամբ: Ինչու՞ եմ ձեր ուշադրությունը և հասարակության ուշադրությունը հրավիրում այս հանգամանքի վրա: Որովհետև չափազանց կարևոր է, թե ինչպիսի՞ն է հասարակության կեցվածքը արտակարգ իրավիճակներում: Եկեք նայենք, թե ինչպիսի՞ն էր ընդդիմության կեցվածքը Վրաստանում, ինչպիսի՞ն էր Ադրբեջանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ու համեմատենք, թե ինչպիսի՞ն էր ընդդիմության կեցվածքը Հայաստանի Հանրապետությունում: Սա խիստ վտանգավոր երևույթ է մեր հասարակության համար, որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհը արագ փոխվում է և մեզ սպասում են լուրջ մարտահրավերներ, ու մեր քաղաքական կեցվածքը չափազանց կարևոր է, մենք միշտ դասեր պետք է քաղենք ստեղծված իրավիճակից: Այսօր արդեն երեք շաբաթ է, ինչ պատերազմական գործողություններ են իրականացվում հարևան Վրաստանում, բառիս բուն իմաստով` պատերազմական գործողություններ մի պետության տարածքում, որտեղից մենք ապահովում ենք մեր շրջանառության 70 տոկոսը: Երեք շաբաթ, և եկեք արձանագրենք մի փաստ` արդյո՞ք, երեք շաբաթվա ընթացքում մեր հասարակությունը զգում էր ցնցումներ, խաթարվե՞լ էր մեր քաղաքացու բնականոն կենցաղը: Իհարկե, ոչ: Մենք կարողացել ենք ձեզ հետ միասին ապահովել այս կայունությունը և առաջին հերթին` շնորհիվ մեր հասարակության աջակցության, ինչի համար ես բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև մենք զգում էինք նրանց մեր կողքին: Երկու օր առաջ հանրապետության նախագահը, երբ հանդիպում էր մեր օլիմպիականների հետ և ողջունում նրանց, անդրադարձավ նաև ընթացիկ իրավիճակին և մեզ բոլորիս միասնության կոչ արեց: Ես նույնպես ուզում եմ միանալ այդ միասնության կոչին, որովհետև արտակարգ իրավիճակներում մենք չենք կարող բաժանվել, այլ պետք է միավորվենք, և դա մեզ համար դաս պետք է լինի, որպեսզի ապագայում ցանկացած սադրիչ գործողություն դատապարտվի, առաջին հերթին` հասարակության կողմից:
Երկրորդ խնդիրը, որին պետք է անդրադառնամ, առնչվում է սեպտեմբերի 1-ի հետ: Մենք ունենք բարի ավանդույթ, որ նախարարները, մեր գերատեսչությունների ղեկավարները սեպտեմբերի 1-ին այցելում են դպրոցներ, և ես խնդրում եմ, որ այս ավանդույթը պահպանվի: Միևնույն ժամանակ, սա լավ առիթ է անդրադառնալու այն խնդիրներին, որոնք կանգնած են մեր կրթական համակարգի առջև: Գաղտնիք չէ, որ համար մեկ ռեսուրսը մեր ինտելեկտուալ կարողություններն են: Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր կրթական համակարգը ծառայի հենց այս խնդրին: Հարցն այն է, որ դեռևս չի զգացվում, թե մեր հասարակությունը կարևորում է գիտելիքի արժեքը, և մեզանից այդ առումով շատ բան է կախված: Չսովորելն այսօր պետք է դիտարկվի ազգային դավաճանության նման մի երևույթ, որովհետև չսովորելով մենք փոշիացնում ենք մեր ազգի պոտենցիալը, կործանում ենք մեր ազգի ապագան: Այս մոտեցումը պետք է սերմանվի դպրոցից սկսած: Ուսուցիչներն այս առաքելությունը պետք է կրեն: Մենք ուսուցիչների համար ապահովում ենք բարձր աշխատավարձ և պետք է խստապահանջ լինենք նրանց նկատմամբ: Կրթության և գիտության նախարարությունը պետք է էապես բարձրացնի պահանջները ուսուցիչների նկատմամբ, ինչպես նաև համալսարանում դասավանդող դասախոսների նկատմամբ:
Վերջին շրջանում նկատվում է, որ փորձ է կատարվում քաղաքական կրքերը տեղափոխել դպրոց և բուհական համակարգ, ինչն անընդունելի է մեզ համար, անընդունելի և դատապարտելի: Մենք չպետք է թույլ տանք, որ ուսուցիչները և դասախոսները իրենց հատկացված ժամերը` դասախոսություն կարդալու, ուսուցման գործընթաց կազմակերպելու փոխարեն, օգտագործեն քաղաքական քարոզի համար: Սա անընդունելի երևույթ է: Դրա համար ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, մարզպետներին. առաջին` ապահովել կրթական հաստատություններում «Կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կրթության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջների կենսագործումը, իսկ այդ պահանջներից դուրս իրականացվող ցանկացած գործունեության դեպքում, գործադրել օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ: Երկրորդ` խստագույնս ապահովել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, բացառել քաղաքական կազմակերպությունների գործունեությունը բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում: Երրորդ` օրենքի թվարկված պահանջների պահպանման պարտավորությունը ներառել կրթության բնագավառի աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում: Այս պահանջները պատշաճ չկատարելու դեպքում, լուծել պայմանագրերը: Այսինքն, այն դասախոսները և ուսուցիչները, ովքեր կփորձեն խախտել այս կանոնները, անհապաղ կհեռացվեն աշխատանքից: Մենք լինելու ենք խստապահանջ և իրականացնելու ենք պատշաճ վերահսկողություն, որպեսզի դպրոցները և բուհերը չքաղաքականացվեն»:
Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հավանություն է տվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009թ. տարեկան ծրագրի և այդ ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկի նախագծին, որը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ՀՀ ԱԺ: Այն մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները: Փաստաթուղթը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, «Հաշմանդամների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամների իրավունքների և հասարակության կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման 2006-2015թթ. Եվրոպայում հաշմանդամների կյանքի որակի բարելավման մասին» գործողությունների ծրագրի դրույթներին: Տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարվա ընթացքում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումները, նախատեսված աշխատանքների ծավալները, իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի «ՀՀ-ում համապատասխանության պարտադիր հավաստման և ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 12-ի N 239-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ` գործող որոշումը «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: Որոշմամբ շուրջ 65-70 տոկոսով կրճատվել է համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքների ցանկը, ցանկից հանվել են մեծ թվով արտադրատեսակներ, որոնց նկատմամբ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Նշվել է, որ ցանկի կրճատումը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ նաև բիզնեսի խթանմանը: Մասնավորապես, արտադրանք ներմուծող իրավաբանական կամ ֆիզիկական անձը այդ արտադրանքի համապատասխանության հավաստման աշխատանքները պետք է իրականացնի արտադրանքի իրացման փուլում, այլ ոչ թե ներմուծման պահին, որը կնպաստի մի կողմից` ներմուծողի ժամանակի խնայմանը և համապատասխանության հավաստման աշխատանքների ժամանակ մատուցվող ծառայության որակի բարձրացմանը, մյուս կողմից` սպառողների շահերի պաշտպանվածությանը:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին: Որոշմամբ հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 3-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների հետ: Հայեցակարգի հիմնական նպատակն է` ամրագրել ՀՀ-ում ՏՏ ոլորտի` ՏՏ արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերը:
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև ավտոգազալիցքավորման ճնշակայանների աշխատողների և սպառողների համար անվտանգ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Սահմանվել է, որ որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան: Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Որոշման համաձայն, մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահը գործող ԱԳԼՃԿ-ներ շահագործող անձինք պարտավոր են 12 ամսվա ընթացքում դրանց կառուցման և շահագործման պահանջները համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ 19-րդ կետով սահմանված պահանջի (ավտոգազավառելիքի կարգավորվող լիցքավորման համար նախատեսված լիցքավորման բաշխիչ աշտարակի առկայություն), որին համապատասխանեցումը պետք է կատարվի տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ապահովել համապատասխան քաղաքաշինական ստանդարտների մշակումն ու ընդունումը:
«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը սահմանել է երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցորենի, կարտոֆիլի, փափուկ ցորենի սերմացուներ, փափուկ ցորեն և գարու սերմեր, նավթ և նավթամթերք, հանքային կամ քիմիական պարարտանյութեր) երկաթուղային տրանսպորտով փոխադրումների սակագների կարգավորմանը: 2 օր ժամկետ է տրվել` նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարության հետ մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:
ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 814 մլն 914.8 հազար դրամով: Որոշումն ընդունվել է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2007թ. նոյեմբերի 15-ին կնքված վարկային պայմանագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի գծով ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության համաֆինանսավորման լրացուցիչ գումար հատկացնելու, ինչպես նաև Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի հետ 2008թ.-ին կնքված և վավերացված 3 դրամաշնորհային ծրագրերի (ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Օտարերկրյա ներդրումների և արտահանման աջակցության երկրորդ, Պետական պարտքի կառավարման, Վիճակագրական Մաստեր-պլանի մշակում և տեխնիկական աջակցություն վիճակագրական կարողությունների ուժեղացման միջոցով ծրագրերի) գծով բյուջետային մուտքերն ու ծախսերը ՀՀ 2008թ. պետական բյուջեում ներառելու նպատակով:
Այլ որոշումներով գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 23 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` Ջերմուկ քաղաքի տարածքում վնասատու միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար, 6 մլն եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք է տրամադրել ՀՀ կենտրոնական բանկին` վերականգնման վարկերի հաստատության (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և ՀՀ ԿԲ-ի միջև «Հայաստանում հիփոթեքային կայուն շուկայի զարգացման» ծրագրի շրջանակներում 2007թ. դեկտեմբերի 28-ին կնքված «2006թ. մարտի 23-ին կնքված պայմանագրի ծավալների մեծացման և փոփոխությունների կատարման մասին» պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է նաև 2008թ. իր պահուստային ֆոնդից 2008թ. ինն ամսում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հատկացնել` 29 մլն 970 հազար դրամ` ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով նախատեսված աշխատանքների հրապարակայնության ապահովման գծով 2008թ. ընթացքում կատարվելիք միջոցառումների իրականացման համար: Որոշմամբ 5 մլն 309.3 հազար դրամ է հատկացվել նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` վերջինիս կողմից տնտեսությունում փաստաթղթավորման խնդիրների հետազոտության անցկացման գծով կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով:
Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 17-ի «Ոռոգման նպատակով 2008թ. Սևանա լճից ջրառի մասին» N 373-Ա որոշման մեջ, որի համաձայն նախկինում հաստատված ջրառի ջրաքանակը (240 մլն խմ) ավելացվել է 45 մլն խմ-ով` մինչև ս/թ սեպտեմբերի 10-ը այն սահմանելով 285 մլն խմ: Որոշումն ընդունվել է` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ինչպես նաև Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով:
Կառավարությունը որոշումներ է ընդունել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում (Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցներով ու Սախարովի հրապարակով սահմանափակված թաղամաս, Մյասնիկյան պողոտային և Արմենակյան փողոցին հարակից տարածք, Տիգրան Մեծ պողոտային կից` «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց գտնվող տարածք) իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Որոշումների ընդունումը հիմնավորվել է նրանով, որ հիշյալ ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրերի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշյալ սեփականության օբյեկտների օտարման: Որոշումներն ընդունվել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները: Սահմանվել է, որ նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը: Որոշումների համաձայն, նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և իրականացման համար պատասխանատու մարմինը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը: Սահմանվել է նաև, որ հիշյալ տարածքներում սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010թ. հունվարի 1-ն է: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին:
Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված որոշ տարածքներում առկա է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք (շենքեր, շինություններ), գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի N 108-Ն և 2007թ. մարտի 1-ի N 347-Ն որոշումների մեջ` պետական հողամասերի և դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման գործառույթները միասնաբար` մեկ պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի և իտալական «Ռենկո Արմեսթեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, կառավարությունը որոշել է ընդունել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության առաջարկությունը` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 4 հասցեով 1,3881 հա հողամասը և դրանում տեղակայված 9018,6 քմ. մակերեսով շենքը և 615,6 քմ մակերեսով շինությունները Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է` Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու, ինչպես նաև ավտոկայանատեղի և նոր հեծանվահրապարակ կառուցելու նպատակով: Որոշմամբ ընդունվել է նաև իտալական Ռենկո կազմակերպության առաջարկությունը` Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակ և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել Երևանի քաղաքապետին և ՀՀ ֆինանսների նախարարին: 2 օր ժամկետ է տրվել` նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի` այդ թվում ՀՀ մշակույթի նախարարության, առաջարկությունները քննարկելու և նախագծում ներառելու համար:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2008թ. հունվարի 17-ի N 17-Ա որոշմամբ նախատեսված գույքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնելուց հետո, դրանից առանձնացնել Երևան քաղաքի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր ավտոմայրուղու կառուցման ծրագրի կատարման ընթացքում ապամոնտաժված երկաթգծի Երևան-Արաբկիր հատվածում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում մնացած անշարժ գույքը (4 կամուրջ, քարե խողովակ և երկաթբետոնե ուղեանց) ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման ներկայիս անալոգային համակարգից թվային համակարգի անցնելու նպատակով: Նշվել է, որ օրինագծով առաջարկվող լուծումը թույլ կտա մի համակարգից մյուսին անցումը կատարել սահում կերպով` խուսափելով անցման փուլում ժամանակավոր լիցենզավորման ընթացակարգերից:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N 202-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը վերապահել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի մեդալներ, հուշամեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր հիմնելու լիազորություն` ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրելու համար:
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ 2007թ. դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշումներում, որոնցով, մասնավորապես, սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության զինծառայողների (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) զինվորական կոչումների դրույքաչափերը, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների դրամական բավարարման, ինչպես նաև ՀՀ ՊՆ համակարգի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների վարձատրության ամսական չափերը:
Կառավարությունը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավան քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար 2008թ. հունիսի 23-ին անցկացված ու ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008թ. հուլիսի 8-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ին:
Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը և Խաչվերաց տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ, նիստում կառավարությունը որոշել է 2008թ. սեպտեմբերի 15-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել սեպտեմբերի 13-ը` շաբաթ օր:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ 2009թ. բյուջեի ձևավորման գործընթացին` մասնավորապես, կառավարության առաջնահերթություններից մեկը հանդիսացող տարածքային համաչափ զարգացման խնդրին առավելագույնս նպաստելու տեսանկյունից: Նա հանձնարարել է բոլոր գերատեսչություններին` 2009թ. բյուջեն քննարկելիս, իրենց ոլորտներում դիտարկել տարածքային համամասնությունների խնդիրները` ըստ մարզերի, թե որքանո՞վ է միջին ժամկետ ծախսերի ծրագիրը և 2009-ի տվյալ գերատեսչության բյուջեն նպաստելու այդ համամասնությունների միջև եղած շեղումների վերացմանը: «Սա հանձնարարական է, որն առնչվում է նաև այն խնդրի հետ, որ ՀՀ բոլոր մարզերը պետք է ունենան իրենց համալիր զարգացման ծրագրերը: Այդ ծրագրերի մշակումը սկսվելու է նրանից, որ մենք, առնվազն երեք տարվա կտրվածքով, ըստ ճյուղերի, պարտադիր պատկերացում պետք է ունենանք տարածքների զարգացման վերաբերյալ: Դրա համար խնդրում եմ, որպեսզի բոլոր նախարարները պատրաստ լինեն այս հարցի քննարկմանը և հստակ պատասխաններ ունենան բյուջեի ներկայացման ժամանակ, թե որքանո՞վ է այս բյուջեն նպաստելու տարածքային համաչափ զարգացման խնդիրների լուծմանը», - ասել է վարչապետը: