երեքշաբթի, 9 սեպտեմբերի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 9-րդ հատկացման հայտը և կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, աշխատանքային պլանը, հատկացման նախապայմանների, գնումների կատարման հաշվետվությունները, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունն ու ցուցանիշների վերահսկման աղյուսակը: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 9-րդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» «ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարումային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 4 մլն 723 հազար 224 ԱՄՆ դոլարի չափով: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 5 մլն 198 հազար 560 ԱՄՆ դոլար:
Ըստ «ՀՄՀ-Հայաստան» գլխավոր գործադիր տնօրենի, 9-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում, ոռոգվող գյուղատնտեսություն, մոնիտորինգ և գնահատում, ծրագրի կառավարում և վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաև, որ գյուղական ճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է գալիք եռամսյակի ընթացքում ֆինանսավորել շինարարական աշխատանքներ 9 մլն 582 հազար 970 ԱՄն դոլարին համարժեք դրամի չափով: Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ, ծրագրի փաստացի և կանխատեսվող (սեպտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 23 մլն 493 հազար 429 ԱՄՆ դոլար:
Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի համապատասխան պայմանագրում ընդգրկված ճանապարհահատվածների վերականագնման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրերի փոփոխության, ինչպես նաև հիշյալ ծրագրի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների պայմանագրի նախագծերը: Խորհուրդը հորդորել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ին` գյուղատնտեսական աջակցության մարզային և հանրապետական կենտրոնների հետ ևս ծրագրի շրջանակներում համագործակցել` օգտվելով նրանց մատուցած ծառայություններից:
Խորհրդի անդամներին նաև տեղականք է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008թ. հուլիսի 7-ին հաստատված գնումների պլանում տեղ գտած փոփոխությունների մասին: