ուրբաթ, 25 հոկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան պրն. Դիպակ Վոհրային:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հավաստել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ նրա գործունեության ամբողջ ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և սերտորեն համագործակցելու հարցում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ՝ հաստատելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում: Այդ համագործակցությունը, ըստ նրա, ներկայումս արտահայտվում է նաև միջազգային ասպարեզում կարևորագույն հիմնահարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշումներով ու փոխշահավետ մոտեցումներով. «Բարեկամական այդ հարաբերությունները մեզ համար միաժամանակ արժեվորվում են նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումները»- նշել է վարչապետը:
Նա կարևորել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը կօժանդակի տնտեսական փոխգործակցության աշխուժացմանը:
Դեսպան Վոհրայը ևս կարևորելով ավանդական կապերը, Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծել է առաջիկայում հատկապես մի քանի ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, գյուղատնտեսություն, տեքստիլ արդյունաբերություն, գործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա գոհունակություն է հայտնել կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությունից և վստահեցրել, որ իր գործունեությամբ կփորձի ավելի սերտացնել Հայաստան -Հնդկաստան հարաբերությունները: