երեքշաբթի, 16 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Լորենսո Պերեզին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն, Հայաստանում ԱՄՀ մշատական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, հիմնադրամի տնտեսագետներ:
ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն նշել է, որ ամփոփիչ այս հանդիպմանը կարելի է վստահ փաստել, որ իր այցը բավականին արդյունավետ էր, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ունեցած քննարկումները` օգտակար: Այցի շրջանակներում, ըստ նրա, ավարտին են հասցվել հիմնադրամի օժանդակությամբ իրականացվելիք նոր եռամյա ծրագրի շուրջ բանակցությունները: Նոր ծրագրում, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, ուշադրություն է դարձվելու հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության բարելավմանը, արտադրողականության բարձրացում ապահովող կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մրցակցային խոչընդոտների նվազեցմանը և կառավարման բարելավմանը: Տիկին Կաստելո-Բրանկոն, նշված ոլորտներում հաջողության հասնելու համար առանցքային է համարել հարկային և մաքսային վարչարարության կատարելագործմանն ուղղված հարկաբյուջետային բարեփոխումները:
«Աշխարհը դժվար ժամանակաշրջան է ապրում: Այս իրավիճակում ԱՄՀ-ի խորհուրդն է ՀՀ-ին` շարունակել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում` այն խստացնել»,- ասել է տիկին Կաստելո-Բրանկոն, պատրաստակամություն հայտնելով ՀՀ կառավարության ղեկավարի հետ ավելի հանգամանորեն քննարկել ծրագրային հարցերը: Ծրագիրը, կառուցվածքային առումով, նա որակել է հավասարակշռված, որտեղ հիմնական շեշտադրումներն արված են հարկային բարեփոխումներին: Նշվել է, որ այդ բարեփոխումների ուղղությամբ արդեն որոշակի միջոցառումներ իրականացվել են, սակայն բավականին աշխատանք դեռ առջևում է:
Վարչապետը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ԱՄՀ-ի պատվիրակության հետ բանակցությունները ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր էին և օգտակար, քանի որ մի կողմից դրանք հնարավորություն են տալիս կառավարությանը` թարմ հայացքով տեսնել առկա բացերը, մյուս կողմից` բանակցությունների շնորհիվ հստակեցվում են համագործակցության առաջիկա ուղղությունները և նախատեսված ոլորտներում կառավարության անելիքները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ըստ էության, չկա որևէ կետ, որի շուրջ ՀՀ կառավարությունը և ԱՄՀ-ն տարաձայնություններ ունենան` բոլոր չափանիշների հետ կապված կա համաձայնություն, ինչն արդյունավետ բանակցությունների մասին է վկայում: Այժմ, ըստ վարչապետի, պետք է կարողանալ ճիշտ գնահատել ծրագրի ռիսկերը և ձեռնամուխ լինել այն իրագործելուն: