երեքշաբթի, 16 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են «Քրոնիմետ» ընկերության գործունեությանը և կարևորել է ընկերության կողմից մեր երկրում ներդրումների համար ընտրվող ոլորտների ընդլայնումը: «Մեր նպատակը օրենսդրական և գործարար այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը հնարավորինս բարենպաստ լինի բոլոր ներդրողների համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում գործունեություն ծավալելու «Քրոնիմետ»-ի հաջողված փորձը օրինակ դառնա արտերկրի այլ ներդրողների համար ևս:
Գոհունակություն հայտնելով մեր երկրում իր ղեկավարած ընկերության գործունեության ընթացքի, դրա համար ստեղծված նպաստավոր միջավայրի կապակցությամբ, Գյունտեր Պիլարսկին նշել է, որ նաև որպես ԳԴՀ Բադեն Վյուրթենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս, մշտապես շահագրգռված է Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների, երկու երկրների գործարար համայնքների միջև սերտ համագործակցություն հաստատելու խնդրով: Ներկայացնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման հեռանկարը, «Քրոնիմետ»-ի նախագահն անդրադարձել է իր ղեկավարած ընկերության կողմից նախատեսվող ներդրումային առաջիկա ծրագրերին, մասնավորապես, Քաջարանում պղնձի վերամշակման գործարանի կառուցման, Երևանի «Էլեկտրոն» ՓԲԸ-ում, ավստրիական կողմի հետ, էլեկտրական մարտկոցների արտադրության կազմակերպման նախագծերին: Պարոն Պիլարսկին նշել է, որ ինչպես իր ղեկավարած, այնպես էլ գերմանական այլ ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում նաև Հայաստանում հանքարդյունաբերության, ներկերի արտադրության և այլ բնագավառներում գործունեություն ծավալելու նկատմամբ` դրա հիմնական խոչընդոտների թվում ընդգծելով տրանսպորտային դժվարությունների խնդիրը: Գյունտեր Պիլարսկին, միաժամանակ, նշել է, որ հիշյալ ոլորտներում ներդրումներ կատարելու գլխավոր նպատակը տեղում վերջնական արտադրանք ստանալն ու արտադրության կազմակերպումն է:
Գոհունակությամբ նշելով, որ ներկայումս գերմանական ընկերությունների կողմից շուրջ 150 մլն եվրոյի արդյունավետ ծրագրեր են իրականացվում Հայաստանում և ողջունելով մեր երկրում ներդրումներ կատարելու բոլոր առաջարկները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս օժանդակել դրանց իրականացմանը:
Հանդիպման ժամանակ երկուստեք նշվել է բանկային ոլորտում, ապահովագրական, մասնավորապես, կենսաթոշակային ապահովագրության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը ևս: