ուրբաթ, 1 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը ԶՀԳ-ի շենքում հրավիրել է խորհրդի նիստ։ Քննարկվել են ընթացիկ և հեռանկարային մի շարք խնդիրներ։ ԶՀԳ գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը ներկայացրել է ս.թ. փետրվարի 4-ին կայացած խորհրդի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Զեկուցման մեջ նշվել է, որ դրանց մեծ մասը դրական լուծումներ են ստացել։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի որոշմամբ, հաստատվել է ԶՀԳ ՓԲԸ-ի 2002 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, գործակալության կառուցվածքում ստեղծվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և գործարարության աջակցման խորհուրդների քարտուղարություններ, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ և այլն։
Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել ԶՀԳ ՓԲԸ-ի 2002 թ. ինն ամիսներին կատարած աշխատանքների հաշվետվությանը։
Նիստի մասնակիցները դրական են գնահատել ս.թ. սեպտեմբերի 27-29-ը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում կայացած «EXPO Made in Armenia 2002» ցուցահանդեսի արդյունքների վերաբերյալ ներկայացված տեղեկանքը։ Ըստ այդ փաստաթղթի, ցուցահանդեսին մասնակցել են 77 կազմակերպություններ և անհատներ, 15 կազմակերպություն ներկայացել է իր ամերիկյան ներկայացուցչությունների միջոցով։ Ցուցահանդեսը դիտել են շուրջ 10000 այցելուներ։ Կնքվել են մի շարք լուրջ պայմանագրեր։ Տեղեկանքում ցուցահանդեսի հաջողություններից մեկն է համարվել ամերիկյան կողմի առաջարկը հայկական ապրանքների լոկալ ցուցահանդեսներից բացի, նաև ամերիկյան շուկայում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներին մասնակցելու վերաբերյալ։
ԶՀԳ խորհուրդը հավանության է արժանացրել նաև ԶՀԳ ՓԲԸ-ի 2003 թ. աշխատանքային ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը ըստ ժամանակացույցի։ Ավելի քան չորս տասնյակ միջոցառումներ ընդգրկող ծրագրում նախատեսված են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի, ինչպես նաև գործարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպչական աշխատանքների իրականացում, արտահանման խթանման և արտահանման հնարավոր ուղիների վերաբերյալ տեղեկատվության ամբողջացում, մասնագիտական և այլ օժանդակություն հանրապետության մարզերում գործարարության աջակցման կառույցների կազմավորմանը, երկրի բարենպաստ ներդրումային միջավայրի վարկանիշի ձևավորմանն ուղղված նյութերի մշակում և տարածում, պոտենցիալ ներդրողների բացահայտում նաև ինտերնետ կապի միջոցով, ընտրված նպատակային ներդրողների հետ իրականացվելիք աշխատանքների ռազմավարության մշակում և իրականացում, օտարերկրյա ուղղակի ներդրումների համապարփակ և տարածաշրջանային միտումների ուսումնասիրում և այլն։
Նիստում որոշումներ են ընդունվել «Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման» վարկային ծրագրի իրագործման , Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և ԱՊՀ-ում ԶՀԳ ներկայացուցչությունների ստեղծման, «Երէքսպո կենտրոն» ՓԲԸ-ի կառուցվածքի վերաբերյալ։