ուրբաթ, 19 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան ժամանած աստղաֆիզիկայի ոլորտի ներկայացուցիչներին:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին` հրավերն ընդունելու և մեծ գիտնականի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, վարչապետը նշել է, որ Հայաստանում շատ մեծ նշանակություն են տալիս Վիկտոր Համբարձումյանի հոբելյանին, քանի որ առանց գիտության զարգացման դժվար կլինի պատկերացնել նաև երկրի ապագան: «Կարծում եմ, քաղաքակրթությունների ներկայիս մրցակցության մեջ կհաղթի այն քաղաքակրթությունը, որում հստակորեն գիտակցված կլինեն գիտության գերակայությունը, գիտնականի դերն ու արժեքը: Այն երկիրը, որը կկարողանա լուծել նշված խնդիրը, հնարավորություն կունենա հավակնելու այդ մրցակցության մեջ վաղը առաջին շարքերում լինելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Վիկտոր Համբարձումյանի նման համաշխարհային մեծության գիտնականի հոբելյանը հրաշալի առիթ է հասարակության և հատկապես երիտասարդության մեջ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն արթնացնելու, գիտությունը խթանելու համար: Նշելով, որ տարվա ընթացքում պետականորեն արդեն իսկ անցկացվել են հոբելյանական մի շարք միջոցառումներ, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ արտերկրի նշանավոր գիտնականների այս այցը ևս, անկասկած, կնպաստի գիտության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի և ուշադրության շեշտադրմանը:
ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլ երկրներից ժամանած ճանաչված գիտնականները` ըստ արժանվույն գնահատելով Վիկտոր Համբարձումյանի գիտական դերն ու վաստակը, մարդկային արժանիքները, նշել են, որ նա ոչ միայն Հայաստանի, նախկին Խորհրդային Միության, այլև համաշխարհային գիտության բացառիկ անհատականություններից է: Ըստ նրանց Վ. Համբարձումյանը կանգնած էր միջազգային գիտական համագործակցության ակունքների մոտ և այսօր էլ իր գործով ու կերպարով մեծագույն խթան է հանդիսանում նման համագործակցության լավագույն ավանդույթների պահպանման և խորացման համար: