հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների համար, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Այն այսօր ՀՀ վարչապետը հանձնել է բարոնուհուն` ՀՀ կառավարությունում նրա հետ հանդիպման ժամանակ:
ԼՂՀ և ՀՀ հերթական այցի ընթացքում բարոնուհի Քոքսին ուղեկցում է Հայաստանով և Արցախով հետաքրքրված ներկայանալի պատվիրակություն, որի անդամները, բարոնուհու հավաստմամբ, հետագայում դառնալու են Հայաստանի լավագույն բարեկամները:
Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երախտագիտության և շնորհակալական խոսքեր է հղել Քերոլայն Քոքսին` նշելով, որ մեր ժողովրդի համար լեգենդար անձնավորություն դարձած բարոնուհին շատ լավ հայտնի է Հայաստանում և Արցախում` իր իրականացրած բազմաթիվ առաքելությունների շնորհիվ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարին իր հերթական այցի առիթի մասին` նշելով, որ այցի ժամանակի մեծ մասն անցկացրել է Արցախի սուրբ հողում` մասնակցելով այնտեղ տասը տարի առաջ իր ջանքերով հիմնադրված և Հարավային Կովկասում լավագույններից մեկը համարվող վերականգնողական կենտրոնի հոբելյանական միջոցառումներին:
Բարոնուհի Քոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին` պարգևի և ջերմ խոսքերի համար: Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը նա նաև հետաքրքրվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության հռչակման հնարավոր ազդեցության, Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և հայկական իշխանությունների մոտեցումների վերաբերյալ հարցերով: Վարչապետը բարոնուհուն հանգամանորեն ներկայացրել է հիշյալ հարցերի վերաբերյալ մեր երկրի պաշտոնական տեսակետը, որը տարբեր առիթներով մինչ այժմ ներկայացվել է: