ուրբաթ, 8 նոյեմբերի 2002
Այսօր «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում տեղի է ունեցել «Հասարակական կազմակերպություններ-2002» եռօրյա համաժողովի և ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում մասնավորապես ասված է.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ, ցանկանում եմ ողջունել կազմակերպիչների, առաջին հերթին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, նրա համագործակից կազմակերպությունների խրախուսելի նախաձեռնությունը մեկտեղել հանրապետության բոլոր մարզերի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, միասին քննարկելու մեր հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող խնդիրներ, փոխգործակցության հնարավորություններ։
Անշուշտ, ոչ կառավարական կազմակերպությունների դերն զգալի է հատկապես անցումային ժամանակաշրջանում, երբ քաղաքացիական, ժողովրդավարական հասարակության ձևավորումն ու ամրապնդումը, ազատ մրցակցային դաշտի ձևավորումը մեծապես պայմանավորվում են նաև հասարակական կազմակերպությունների կայացմամբ ու գործունեությամբ։ Դրանք ըստ էության, անհրաժեշտ և կարևոր օղակներից մեկն են պետական կառավարման մարմինների և ժողովրդի, հասարակության լայն խավերի միջև։ Ահա թե ինչու կառավարությունն այսօր փորձում է հասարակությանն առավել հուզող հիմնախնդիրների լուծմանը ներգրավել, մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպություններին, մեծացնել նրանց դերակատարությունը կառավարման գործընթացներում, հնարավորություն տալով մասնակցելու կառավարությունում մշակվող օրենքների նախագծերի քննարկումներին։ Վարչապետին առընթեր գործող մի շարք, այդ թվում՝ կանանց հիմնահարցերի, երիտասարդության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և գործարարության աջակցման խորհուրդներում ներկայացված են նաև մեծ թվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց այդպիսով հնարավորություն է տրվել իրենց մոտեցումները, առաջարկները անմիջականորեն հասցնել կառավարությանը։
Արդեն մշակվել և Ազգային Ժողով է ներկայացվել 2003 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ներառում է նաև աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում նախատեսվող միջոցառումներից։ Հատկանշական է, որ այդ ծրագրի ձևավորմանը ավելի քան երկու տարի է ակտիվ մասնակցում են հասարակության լայն խավերը հասարակական կազմակերպությունների միջոցով, և այն, ըստ էության, համատեղ ու շահագրգիռ աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթ է։ Սա վկայում է հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման միտումի ու նաև հասարակական կյանքի կարևորագույն խնդիրների լուծման գործում իշխանություններին սատարելու, պատասխանատվության որոշակի բեռ վերցնելու, անվերջ քննադատություններից գործնական աշխատանքի անցնելու, կարևորագույն խնդիրների լուծման հարցում սեփական ներդրումը կատարելու պատրաստակամության մասին։ Համոզված եմ, միասին նպատակաուղղված աշխատալու դեպքում, մեզ կհաջողվի բազմաթիվ խնդիրներ արագ և արդյունավետ լուծել։
Կրկին ողջունելով համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, համագործակցության նոր եզրերի բացահայտում, և ամենակարևորը՝ հետևողականություն նպատակների իրագործման ճանապարհին»։