հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրեն Մարկ Դանզոնին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին և պարոն Դանզոնին` Հայաստանին մինչ այժմ ցուցաբերած օժանդակության համար և հույս հայտնել, որ նրա այցը մեր երկրի առողջապահության ոլորտում նոր հաջողությունների հիմք կդառնա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ առողջապահության ոլորտը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից մեկն է, և միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու նաև եկող տարվա պետական բյուջեի նախագծով այդ ոլորտի համար նախատեսվող ֆինանսական հատկացումները զգալի ավելացել են: Վարչապետը ներկայացրել է Հայաստանը 8 ուղղություններով առողջապահական տարածաշրջանային կենտրոն դարձնելու ՀՀ կառավարության հավակնոտ ծրագիրը ևս, որը ենթադրում է մասնավոր հատված - պետություն համագործակցություն: Նա կարևորել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրենի դիտարկումները ծրագրի վերաբերյալ:
Մարկ Դանզոնը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարից արդեն տեղեկացել է այդ ծրագրի մասին և վստահեցրել է, որ ամեն կերպ կսատարի, որպեսզի հիշատակված 8 ուղղություններով Հայաստանը կարողանա հաջողությունների հասնել: Նա ընդգծել է, որ առողջապահության համակարգի զարգացման համար մեր երկրում լավ նախադրյալներ և կադրային բարձրորակ ներուժ կա ու ամենակարևորը` պետական մակարդակով ոլորտի զարգացմանը խթանելու գիտակցում: «Վարչապետի ձայնը ցանկացած երկրում մեծ կշիռ ունի այս հարցերում: Առողջապահության ոլորտի վարկանիշը բարձրացնելով, նա մեծապես նպաստում է նաև իր վարկանիշի բարձրացմանը հասարակության շրջանում»,- ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրենը` վստահեցնելով, որ ԱՀԿ-ն առավելագույնս կաջակցի ոլորտի միջազգային փորձը Հայաստանին փոխանցելու, կադրերի վերապատրաստման և Հայաստանի առողջապահական համակարգը եվրոպական առողջապահական համակարգին ինտեգրելու գործին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ այս ոլորտում հաջողությունները նաև տնտեսական զարգացման լուրջ նախադրյալներ են ստեղծում երկրի համար, նպաստելով ՀՆԱ-ի աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, սպորտի ու զբոսաշրջության զարգացմանը: