ուրբաթ, 26 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչին: Վարչապետը ողջունել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և նախարար Մադյարիչի Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված հետագա փոխգործակցության պայմանավորվածությունները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների սերտացումը կարող է նաև հայ-սլովակյան տնտեսական կապերի ամրապնդման, ակտիվ համագործակցության լավ միջոց դառնալ: ՀՀ վարչապետը կարևորել է Սլովակիայի մշակույթի նախարարի այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքված համագործակցության համաձայնագիրը, նշելով, որ միջգերատեսչական այդ փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա մշակույթի ոլորտում երկկողմ նոր և հետաքրքիր նախաձեռնությունների, հայ և սլովակ ժողովուրդներին միմյանց մշակույթին ավելի խորությամբ ծանոթացնելու համար:
Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը ևս ընդգծել է ստորագրված փաստաթղթի կարևորությունը` համագործակցության զարգացման տեսանկյունից: Նախարարի խոսքերով, իր երկրի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դեռևս չի կարելի ասել մշակութային և տնտեսական կապերի մասին: Այստեղ առկա մեծ ներուժը, պարոն Մադյարիչի կարծիքով, լիարժեքորեն չի օգտագործվում, և այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու: Սլովակիայի մշակույթի նախարարը ՀՀ վարչապետի հետ խոսել է նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի, Սլովակիայում հայկական համայնքի գործունեության, տարածաշրջանի վերջին զարգացումների մասին` ՀՀ վարչապետին փոխանցելով Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույններն ու Հայաստանի կառավարությանը եվրաինտեգրման և տարբեր ոլորտներում աջակցության պատրաստակամությունը: