չորեքշաբթի, 13 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ։ Նիստում լսվել է խորհրդի չորս աշխատանքային խմբերից մեկի սոցիալ-առողջապահական աշխատանքային խմբի հաշվետվությունը 2002 թ. ծրագրված միջոցառումների կատարման վերաբերյալ։ Այն հիմնականում վերաբերել է կանանց և երեխաների բժշկական օգնության և բուժսպասարկման մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումներին, որոնք նախատեսվել և ամրագրվել են 2002 թ. պետական առջողջապահական նպատակային ծրագրերով, այնուհետ նաև «2002 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնութան և սպասարկման մասին» կառավարության տարեսկզբին ընդունած որոշմամբ ու առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով։ Մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքները և դեռևս առկա խնդիրները աշխատանքային խմբի ղեկավար Ռուզաննա Յուզբաշյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։
Կանանց հարցերով խորհուրդը այսօրվա նիստում լսել և քննարկել է նաև խորհրդի անդամ, սոցիալական ապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանի տեղեկատվությունը Հայաստանի ազգային զեկույցի պաշտպանության վերաբերյալ, որը մինչ այս ներկայացվել է ՄԱԿ-ի կանանց խտրականության վերացման դեմ հանձնաժողովի նիստում։
Մինչև տարեվերջ անցկացվելիք կանանց հարցերով խորհրդի հաջորդ նիստում աշխատանքային մյուս երեք խմբերը կներկայացնեն իրենց հաշվետվությունները, որից հետո կքննարկվի 2003 թ. միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը։