երեքշաբթի, 30 սեպտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերին և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մարչին Կորոլեցին:
Լեհ պաշտոնյաների ներկայացմամբ, իրենք Հայաստան են ժամանել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների և համագործակցության ծրագրերի քննարկման միջոցով նպաստելու առաջին հերթին` հայ-լեհական քաղաքական և տնտեսական գործակցության խորացմանը, որը եվրաինտեգրման ճանապարհին միմյանց ավելի կմոտեցնի երկու երկրներին, ինչպես նաև այդ հանդիպումների ժամանակ ներկայացնելու ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագիրը: Նրանք ՀՀ վարչապետին ներկայացրել են հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերել են նաև համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը: Մասնավորապես, առաջիկայի համար կարևորվել է տնտեսական համագործակցության մասին, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, տրանսպորտային գործակացության, ազատ առևտրի մասին պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել նման քննարկումները, նշելով, որ հայ-լեհական տնտեսական համագործակցությունը զարգացնելու զգալի ներուժ գոյություն ունի, որը լիարժեք օգտագործված չէ: Ներկայումս, ըստ նրա, Հայաստանում գործում են լեհական կապիտալով շուրջ մեկ տասնյակ ձեռնարկություններ, որոնք առավելապես առևտրի ոլորտում են, մինչդեռ անհրաժեշտ է հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ այլ ոլորտներում ևս զարգացնել գործակցությունը:
Փոխնախարարներ Անջեյ Կրեմերը և Մարչին Կորոլեցը, այդ նպատակով կարևորել են ամեն տարի բազմաթիվ երկրների պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ Լեհաստանում կազմակերպվող համաժողովին Հայաստանի մասնակցությունը ևս, և առիթից օգտվելով հրավիրել ՀՀ վարչապետին ու Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին` մասնակցելու հիշյալ միջոցառմանը, բանակցություններ վարելու հավանական ներդրողների հետ և տեղում ձեռք բերելու պայմանավորվածություններ:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որի համաձայն, «զոհերի հիշատակը, կատարված հանցագործությունը և այն դատապարտելու պահանջը` ողջ մարդկության, բոլոր ժողովուրդների և բարի կամքի մարդկանց բարոյական պարտքն է»:
Զրուցակիցները կարևորել են նաև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում հայ-լեհական հարաբերությունների սերտացումը, որոնց ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են, ստորագրված է համապատասխան համաձայնագիր, ըստ որի նախատեսվում են կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրագործում:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է հյուրերին` իր ողջույնները և ՀՀ կառավարության կողմից համագործակցության պատրաստակամությունը հաղորդել Լեհաստանի վարչապետին: