հինգշաբթի, 14 նոյեմբերի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Հանրապետության կենսաթոշակառուների սոցիալական պայմանների բարելավման նպատակով փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» որոշման մեջ, գործադիրը հավելման չափը ավելացրեց ևս 20 դրամով 80 դրամից հասցնելով 100 դրամի։ Սահմանվեց, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2003 թ. հունվարի 1-ից։ Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ այդ հավելումը տարեկան կտրվածքով կարժենա 7,6 միլիարդ դրամ։
2002 թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում մրցանակային 3-րդ տեղը գրաված շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին խրախուսելու նպատակով, կառավարությունը որոշեց այս տարվա պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 20 մլն դրամ։
Նիստում հավանություն տրվեց ՀՀ նախագահի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» համաձայնագրի նախագծին։ Ըստ այդմ, ս.թ. նոյեմբերին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ ծառայության ժամկետը սահմանելով մինչև երկու տարի։ Նոյեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում ժամկետային զինծառայությունն անցած ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները։ Հիշյալ հրամանագրից բխող կառավարության որոշման նախագծով հանձնարարվեց ՀՀ պաշտպանության նախարարին ապահովել 2002 թ. նոյեմբերի 18-23-ը զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը։ Որոշմամբ հաստատվեց նաև զորակոչի ենթակա այդ սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը, զորակոչի տարկետման իրավունքից օգտվող ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների ցանկը։
ՀՀ 2002 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի N172 որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշում կայացրեց ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դպրոցները հեղուկ վառելիքով ջեռուցելու վերաբերյալ։ Նշվեց, որ այդ երկու ամիսներին դպրոցները հեղուկ վառելիքով ջեռուցելու համար անհրաժեշտ գումարը կազմում է 258 մլն 172 հազար 400 դրամ։ Չորրորդ եռամսյակում դեռևս չֆինանսավորված և գանձապետական հաշիվներում առկա գումարը կազմում է 184 մլն 252 հազար դրամ։ Այն մարզերում, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ գումարներ հատկացնել, ներքին տեղաշարժերի հաշվին հնարավոր է ապահովել 52 մլն 557 հազար 400 դրամ, իսկ Արագածոտնի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին չբավականացնող գումարը, համապատասխանաբար 6 մլն 78 հազար 100, 10 մլն 680 հազար 700 և 4 մլն 604 հազար 200 դրամի չափով, հնարավոր է ապահովել ՀՀ 2002 թ.-ի պետբյուջեում ծախսերի վերաբաշխում կատարելու միջոցով, ինչը և առաջարկվեց որոշման նախագծով։
Հանրակրթական համակարգում 11-ամյա դպրոցին անցումն ապահովելու նպատակով, կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին։ Նախագծի ընդունումը հիմնավորվեց ՀՀ կրթական համակարգում վարկային նոր ծրագրի նպատակներով և ժամանակացույցով։ Նշված ծրագրով նախատեսվում է մշակել միասնական ազգային ուսումնական ծրագիր, հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգն ինտեգրել ուսուցման գործընթացին։
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց ստեղծել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։ Հաստատվեցին նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը։ Այլ որոշումներով, կառավարության անդամները հաստատեցին նաև սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալությունների կանոնադրություններն ու կառուցվածքները։ Հանձնարարվեց սոցիալական ապահովության նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության անցկացման կարգը։
Ելնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը հաստատեց ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ժամանակավորապես ազատվելու կարգը և ազատման թերթիկի ձևը։
Ներկայացված հարցերից գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Հունգարիայի Հանրապետության ազգային մշակութային ժառանգության նախարարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստում առանձին որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն անցկացված մրցույթի և մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, կառավարությունը որոշեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակել Գագիկ Սայադյանին չորս տարի ժամկետով։ Մեկ այլ որոշմամբ, նույնքան ժամկետով Նունե Խաչատրյանը նշանակվեց արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար, Սամվել Ամիրխանյանը բնապահպանության նախարարության, Կառլեն Միքայելյանը գյուղատնտեսության նախարարության, Սերգեյ Մինասյանը կրթության և գիտության նախարարության, Ստյոպա Մկրտչյանը էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Գործադիրը որոշեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության Տիգրան Մեծ փողոցի N38 հասցեում գտնվող Լիսիցյանի անվան N34 դպրոցի կենտրոնական մասնաշենքը (2134 քառ մետր ընդհանուր մակերեսով) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամին։