ուրբաթ, 15 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով Կանադայի պետական քարտուղար Գար Նութսոնին — նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից հայկական ցեղասպանության ճանաչման, կանադահայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Նշելով Հայաստանի ու Կանադայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման մասնավորապես Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Կանադայի ունեցած արդյունավետ դերը, Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև հայ-կանադական տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը։ Որպես դրա ուղիներից մեկը, վարչապետը նշել է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը, որը հնարավորություն կտա կանոնակարգելու երկկողմ տնտեսական կապերը, պայմաններ ստեղծելու նաև մասնավոր հատվածի գործարար շփումների աշխուժացման համար։
Կանադայի պետքարտուղար պարոն Նութսոնն իր խոսքում ողջունել և մեծապես գնահատելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչը հնարավորություն է տալիս առավել ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Նա նշել է, որ հավանաբար հաջորդ աշնանը կայանալիք իր երկրորդ այցը լինելու է ավելի գործնական թե՛ պատվիրակության կազմի, թե՛ իրականացվելիք ծրագրերի տեսակետից։
Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին, պարոն Նութսոնն ընդգծել է, թե ինքը համակված է լավատեսությամբ մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու խնդրում, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է համատեղել համբերությունն ու կամքը։