ուրբաթ, 3 հոկտեմբերի 2008
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ Կոիրոլոյին:
ՀՀ վարչապետի և ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի հանդիպմանն ամփոփվել են անցած ժամանակահատվածում բանկի և ՀՀ կառավարության համագործակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերը և անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին: Դոննա Դաուսեթ Կոիրոլոն ՀՀ վարչապետից հետաքրքրվել է ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունների մասին, միաժամանակ ճշտելով, թե ՀԲ-ն հատկապես ի՞նչ ծրագրերի կարող է աջակցել:
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության համար թիվ մեկ առաջնահերթություն է համարել կառավարման համակարգի բարեփոխումները, որտեղ այսօր լուրջ խնդիրներ են կուտակված, և կառավարությունն այդ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում: Այս խնդրի լուծմանն ուղղված ցանկացած տեխնիկական աջակցություն, ըստ վարչապետի, կարող է նպատակին չծառայել, եթե համակարգը դրան լիովին պատրաստ չէ և տեխնիկական առաջադրանքը հստակ ձևակերպված չէ: Կառավարման համակարգի բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում, Տիգրան Սարգսյանի համոզմամբ, էապես կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
Վարչապետը, կառավարության առաջնահերթությունների շարքում նշել է նաև կրթական բարեփոխումների ծրագրի իրագործումը, տարածքային համաչափ զարգացումը, բիզնես միջավայրի բարելավումը և դրա շրջանակներում հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործումը` որպես այդ միջավայրի ձևավորման առանցքային գործոն: Սոցիալական ոլորտը, այդ թվում` կենսաթոշակային բարեփոխումները, ՀՀ կառավարության ղեկավարի ներկայացրած առաջնահերթություններից ևս մեկն է, որտեղ 2009թ. պետական բյուջեով լուրջ ֆինանսական հատկացումներ են նախատեսված: Տիգրան Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել այդ գումարների արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողությունը: Վարչապետը տեղեկացրել է, որ կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգի շուրջ կառավարությունում արդեն կա ընդհանուր մոտեցում և համաձայնություն, և եկող շաբաթվա նիստում արդեն այն կդրվի հաստատման:
Տիգրան Սարգսյանը հյուրին ներկայացրել է նաև Ազգային մրցունակության խորհրդում քննարկված և հավանության արժանացած ծրագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի գլոբալ մրցունակությանն ու այդ նպատակին միտված համազգային ներդրումային ծրագրերին: Վերջիններս ներառում են` Հայաստանը տարածաշրջանային առողջապահական, ֆինանսական, բիզնես գերազանցության և կազմակերպված հանգստի ու կրթական կենտրոններ դարձնելու ծրագրերը:
ՀԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը Տիգրան Սարգսյանը խոսել է նաև առաջիկա տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում գտնվելիք այն երեք խոշոր նախագծերի մասին, որոնց ՀՀ ԱԺ-ում իր երեկվա ուղերձում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսքը` Հայաստանում նոր ԱԷԿ-ի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման և համահայկական բանկի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին է:
Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում սկիզբ առած ֆինանսական ճգնաժամին և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքներին ևս:
Հանդիպման ավարտին երկուստեք հույս է հայտնվել, որ ՀԲ-ի և ՀՀ կառավարության համատեղ ուժերով առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ կգտնվեն և ՀԲ-ն կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ծրագրերին: