ուրբաթ, 3 հոկտեմբերի 2008
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
ՀՀ վարչապետը շնորհավորել է դեսպանին` նշանակման կապակցությամբ, համոզվածություն հայտնելով, որ ՀՀ անկախության հռչակումից հետո երկու երկրների միջև ձևավորված ավանդույթները և մինչ օրս պահպանվող բարեկամական հարաբերությունները դեսպան Յովանովիչի գործունեության ժամանակաշրջանում ևս հաջողությամբ կշարունակվեն ու էլ ավելի կամրապնդվեն: Նշելով, որ Միացյալ Նահանգները, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, մեր շատ հայրենակիցների համար դարձել է երկրորդ հայրենիք, վարչապետը երախտագիտությամբ է հիշել նաև Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին ԱՄՆ կառավարության և ժողովրդի աջակցությունը` այն համարելով բարեկամության արտահայտման ևս մի վկայություն:
ԱՄՆ նորանշանակ դեսպանի հավաստմամբ, Հայաստան ժամանելու առաջին իսկ օրվանից բավականին ջերմ ընդունելության է արժանացել և պատիվ է համարում Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովրդին ներկայացնել մի երկրում, որի հետ այսպիսի սերտ կապեր, անցած ճանապարհ ու բարեկամական հարաբերություններ են հաստատված:
Մարի Յովանովիչը ՀՀ կառավարության ղեկավարից հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ ակնկալիքներ կան ԱՄՆ դեսպանության ու Հայաստանում բազմաթիվ ծրագրեր իրականացրած Միջազգային զարգացման գործակալության հետ հետագա համագործակցության առումով և որո՞նք են ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները:
Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հարկային և մաքսային վարչարարության ուղղությամբ սկսված բարեփոխումները, որոնք, ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ, ուղղակիորեն առնչվում են տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովման, կոռուպցիայի վերացման, քաղաքացիական հասարակության կառուցման, ազատությունների ապահովման խնդիրներին. «Եթե մոտակա տարիներին այս ոլորտում հաջողենք որակական բարելավումներ իրականացնել, ապա լավ ապագա կունենանք»,-հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումների կարևորությունն ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ասել է, թե բավականին համարձակ այս ծրագրի նկատմամբ, որն արժանացել է նաև ՀԲ-ի և ԱՄՀ-ի բարձր գնահատականին, կա մեծ դիմադրություն, սակայն կառավարությունը վճռական է տրամադրված և պայքարելու է տնտեսության զարգացմանը խոչընդոտող երևույթների դեմ: Նա տեղեկացրել է, որ հարկային և մաքսային համակարգը բարձրորակ ու արդի պահանջներին համապատասխանող կադրերով համալրելու համար արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում: Վարչապետը կարևորել է նաև ռիսկերի վրա հիմնված վերահսկության ներդրումը: Նա նշել է, թե վերոնշյալ բարեփոխումների թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին ամերիկյան կառավարության աջակցության շարունակման խնդրին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ս.թ. նոյեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում այն դրական լուծում կստանա:
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, այս կապակցությամբ ասել է, թե Վաշինգտոնում շատ տպավորված են ընթացիկ տարում սեփական ռեսուրսների հաշվին Հայաստանի իրականացրած այն շինարարական աշխատանքներով, որոնք ընդգրկված էին աջակցության ծրագրում. «Դա ցույց է տալիս, որ Հայաստանում իսկապես մեծ պատասխանատվություն կա ծրագրի կատարման նկատմամբ»,- ասել է տիկին Յովանովիչը, նշելով, որ ԱՄՆ-ը կցանկանար նույնպիսի նվիրվածություն տեսնել նաև երկրում ներքին խնդիրների լուծման գործում: Այդ առումով, նա ԱՄՆ կառավարության և ժողովրդի մտահոգությունն է փոխանցել ս.թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ձերբակալությունների կապակացությամբ, հույս հայտնելով, որ դատական գործընթացը հնարավորինս կշռադատված, թափանցիկ և առավելագույն կարճ ժամկետում կիրականացվի, միաժամանակ, համաձայնելով գործընթացին համբերությամբ հետևելու` ՀՀ վարչապետի մոտեցման հետ և ընդգծել, որ «փութկոտ արդարադատությունը չի կարող արդարամիտ լինել»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիշյալ դատական գործընթացը հասարակական մեծ հնչեղություն ունի, գտնվում է ՀՀ քաղաքացիների ու միջազգային կազմակերպությունների վերահսկողության ներքո, և ցանկացած դատավոր քաջ գիտակցում է Եվրոպական դատարանում կայացված վճիռները բողոքարկելու հնարավորությունը. «Մեր պարտքն է հետևել, որպեսզի օրենքի տառը չխախտվի»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել դեսպան Մարի Յովանովիչին` մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականցման ամբողջ ընթացքում և ՀՀ կառավարության կողմից համագործակցության պատրաստակամություն հայտնել: