շաբաթ, 4 հոկտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Յոթերորդ տարին անընդմեջ կառավարության որոշմամբ պետականորեն նշվող, արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ տոնը առհավատչյան է այն մեծ ուշադրության ու հոգատարության, որ ցուցաբերվում է ուսուցչի և մեծ նվիրումով իրականացվող նրա աշխատանքի նկատմամբ:
Կրթության ոլորտը կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ մենք լինելու ենք խստապահանջ` նկատի առնելով, որ այստեղից է սկսվում պետության համար արժանի քաղաքացու, աշխարհում իր գիտելիքներով մրցունակ և ամենատարբեր բնագավառներում պահանջարկ վայելող բարձրորակ մասնագետի ձևավորումը: Այս ամենի հիմքում` մեր պետության ապագան է, որի նկատմամբ մեզնից ոչ ոք իրավունք չունի անտարբեր լինել:
Հասարակության մեջ գիտելիքի, դպրոցի և կրթության հանդեպ ակնածանքի ու սիրո արմատավորմանը, արդի պահանջներին համապատասխան որակյալ կրթության ապահովմանը, ուսուցչի դերի բարձրացմանն ու մանկավարժների սոցիալական պայմանների շարունակական բարելավմանն են ուղղված պետության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները: Այդ ամենում, սիրելի ուսուցիչներ, ձեզ մեծ և պատասխանատու դեր է վերապահված:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` առողջություն և հաջողություն, տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում ձեզ, համոզված` որ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործը հոգատար և հուսալի ձեռքերում են: