երեքշաբթի, 19 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնակցել է ՀՀ կառավարության ընդունելությունների տանը բացված «Աղքատության վիճակագրական մոնիթորինգ հետխորհրդային տարածաշրջանում» գիտաժողովին։ Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի կառավարությունը կարևորում է գիտաժողովի թեման, քանզի այն այսօր հրատապ է ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։
Միջազգային հանրությունն ամենաբարձր մակարդակով այս տարի Յոհաննեսբուրգում անդրադարձավ աղքատությանը՝ որպես համաշխարհային հիմնախնդրի։ Պետությունները, համաշխարհային գիտական միտքը լծվել են աղքատության հիմնախնդրի լուծմանը և այդ բնագավառում արդեն ձեռք է բերվել ջանքերը համակարգելու համաձայնություն։ Նման համագործակցության վառ օրինակ է այս գիտաժողովը, որը հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ՊԱԴԿՕ կազմակերպության և Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։
Չափազանց կարևոր է կառավարությունների քաղաքական կամքը աղքատության հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հասարակության լայն խավերի մասնակցությամբ Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակմանը, որի նախագիծը ներկայումս գտնվում է վերջնական լրամշակման փուլում։
Հուսով ենք, որ դրա հաստատումով մեր երկրում իրագործվող բոլոր ծրագրերն առաջին հերթին միտված են լինելու աղքատության հիմնախնդիրների լուծմանը։ 2003 թ.-ի պետական բյուջեի նախագծում կառավարությունն այդ խնդիրներն արդեն որոշակիորեն նախատեսել է։
Ծրագրի նախագծի շատ դրույթներ, մեր պատկերացմամբ, սերտորեն կապված են հետխորհրդային տարածաշրջանի երկրներում առկա աղքատության հաղթահարման հիմնախնդիրների հետ։
Այս առումով, ողջունելի է հետխորհրդային տարածաշրջանում աղքատության վիճակագրական մոնիտորինգի ոլորտում ևս համագործակցությունը, ինչն անպայման կնպաստի աղքատության մասին տարբեր երկրներում ձևավորված տարբեր պատկերացումները և աղքատության մոնիտորինգի համար անհրաժեշտ ցուցանիշները համադրելուն այդ երևույթի դեմ պայքարն ավելի համախմբված և արդյունավետ դարձնելու նպատակով։ Աղքատության դեմ պայքարում քաղաքական վճիռների համար հիմք հանդիսացող վիճակագրական տեղեկատվության համընդգրկունությունը և որակը մեծապես կախված են վիճակագրական գիտական մտքի զարգացումից և այդ ոլորտում ձեռք բերված փորձի փոխանակումից։
Վիճակագիրները դեռևս անելիքներ ունեն աղքատությունը բնութագրող առավել էական և ազդեցիկ գործոնների բացահայտման գործում, որոնց նկատմամբ էլ կառավարությունները և հասարակությունները կարողանան կառուցել իրատեսական քաղաքականություններ դրանց հիմքում դնելով առավել գործնական լծակներ և գործիքներ։ Սա, թերևս, այն ուղին է, որով հնարավոր կդառնա անցումային երկներում, և ոչ միայն դրանցում, հաղթահարել վստահության ճգնաժամերը և ուղի հարթել արդար ժողովրդավարական ու տնտեսական զարգացման համար։
Գիտաժողովից ակնկալում եմ բարձրացված խնդիրների լուծմանը նպաստող արդյունավետ աշխատանք և դրա համար՝ մաղթում հաջողություն»: