ուրբաթ, 22 նոյեմբերի 2002
ՀՀ վարչապետ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ, որտեղ անցկացրել է խորհրդի հերթական նիստը։ ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2002 թ.-ի երրորդ եռամսյակում գործադիր գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ նրա, հաշվետու ժամանակաշրջանում վճարումները կատարվել են 147 տոկոսով, իսկ շինարարական աշխատանքների գծով 141 տոկոսով։ Եռամսյակի ընթացքում կատարվել են 1 մլն 398 հազար 155 ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ, ընդ որում դրանց դիմաց 216 հազար 894 ԱՄն դոլարը վճարվել է համաֆինանսավորողների անունից։ Գործադիր տնօրենի ներկայացմամբ, համայնքների անունից կատարված դրամական ներդրումները կազմել են 113 հազար 827 ԱՄՆ դոլար, որից 57 հազար 790 դոլարը ներդրել է ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը։ Նշվել է նաև, որ գրասենյակը շինարարական աշխատանքների ինը ամսվա պլանը կատարել է 100 տոկոսով։ Համաֆինանսավորմամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը 38-ն են 2 մլն 98 հազար դոլար արժեքով։ Ավարտված է 25 ծրագիրը։ Դրանց հիմնական մասը դպրոցներ են, խմելու ջրի համակարգեր և առողջապահական հիմնարկներ։ Վերահսկման փուլում է գտնվում 75 ծրագիր։ Եռամսյակի ընթացքում Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռվա և Տավուշի մարզերի տեղական իշխանությունների ղեկավարների և ներկայացուցիչների համար կազմակերպվել է 17 ուսուցողական դասընթացներ։ ՀՍՆՀ գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հավաստմամբ, աշխատանքներն սկսվել են 8 մարզերում և շուտով կընդգրկեն հանրապետության ողջ տարածքը։
Հիմնադրամի խորհրդի այսօրվա նիստում պլանավորվել են նաև հաջորդ տարվա աշխատանքները, և հաստատվել է բյուջեն։ 2003 թ.-ին այն կազմելու է 4 մլն 929 հազար 700 ԱՄՆ դոլար։ Միայն շինարարական աշխատանքների համար նախատեսված է 3 մլն 700 հազար դոլար (մոտ 75 ծրագիր)։ Խորհուրդը հաստատել է բյուջեն և ընդունել 2002 թ.-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը, որի վերաբերյալ վարչապետը նշել է, թե աշխատանքները գոհացուցիչ են, հիմնադրամը ծրագրված ժամկետներում ամբողջությամբ իրագործել է իր առջև դրված խնդիրները։