Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է իր գլխավորած կառավարական պատվիրակության ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքները, որի շրջանակներում տեղի ունեցած չափազանց կարևոր հանդիպումները նա բաժանել է երկու մասի` քաղաքական և տնտեսական: Կարևորելով ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի և պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ ունեցած հանդիպումները, իբրև քաղաքական հանդիպումներ, նա ընդգծել է, որ դրանց ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ է եղել աշխարհում և տարածաշրջանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով ստեղծված իրավիճակին: Իր խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Կարող ենք արձանագրել, որ մենք ունեցանք լիակատար աջակցություն Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, և` ի դեմս Միացյալ Նահանգների, ունենք բարեկամ երկիր, որն այս տարիների ընթացքում շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել Հայաստանում ու շարունակելու է օգնությունը: Կառավարության ծրագրերի իրականացման առումով ևս մենք ունենալու ենք լիակատար աջակցություն և այդ քաղաքական հավաստիացումները ստացել ենք, ինչը չափազանց կարևոր է մեր համարձակ ռեֆորմներն իրականացնելու առումով: Բացի դրանից, հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ առևտրի ներկայացուցչի և առևտրի նախարարի հետ և ձեռք բերել պայմանավորվածություններ` տեխնիկական օժանդակության, ինչպես նաև նոր համաձայնագրերի կնքման վերաբերյալ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն երկու երկրների միջև առևտուր իրականացնելու համար: Այդ նպատակով տեխնիկական թիմ կմեկնի Միացյալ Նահանգներ, մասնագետները կաշխատեն ԱՄՆ առևտրի ներկայացուցչի և նաև առևտրի նախարարության հետ, և այդ թիմերի աշխատանքի շնորհիվ կծնվեն կոնկրետ պայմանագրեր, որոնք կսահմանեն ռեժիմներ երկու երկրների ե՛ւ ներդրումների, ե՛ւ առևտրի կազմակերպման համար:

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպումները նվիրված էին, բնականաբար, տնտեսական հարցերի քննարկմանը, մասնավորապես, թե ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում այսօր աշխարհում, որպեսզի ֆինանսական ճգնաժամի հետևանքները հասցվեն նվազագույնի և թե ինչպիսի՞ն է անցումային երկրների համար լավագույն ռազմավարությունը: Դուք գիտեք, որ մենք վաղուց ենք աշխատանքներ սկսել Արժութային հիմնադրամի հետ` գործողությունների մի մեծ ծրագիր է իրականացվում, որի նպատակն է կանխարգելել ֆինանսական ճգնաժամի այն բացասական հետևանքները, որ կարող են հասնել Հայաստան: Այդ նպատակով մենք արդեն զեկուցել ենք հանրությանը, որ վերանայվել է 2008թ. պետական բյուջեի ցուցանիշը, եկամտային և ծախսային մասով ստանձնել ենք պարտավորություն` ավելի շատ հարկեր հավաքագրելու մինչև տարեվերջ, Վայոց Ձորում ընդունեցինք համապատասխան որոշում` ևս մեկ անգամ 13 մլրդ-ով մեր հավաքագրումների եկամուտներն ավելացնելու, ինչպես նաև շուրջ 24 մլրդ-ով ծախսերը կրճատելու վերաբերյալ, ինչը, բնականաբար, չափազանց լուրջ բուֆեր է ստեղծում ՀՀ-ում ֆինանսական կայունություն ապահովելու համար` թույլ չտալու, որպեսզի գնաճային ճնշումները մեծ լինեն: Այդ քաղաքականությունն ամբողջությամբ ստացել է Արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի լավագույն մասնագետների բարձր գնահատականը, և դրանք անհրաժեշտ միջոցառումներ են, որոնք ավելացնում են մեր երկրի ֆինանսական կայունությունը: Բնականաբար, քննարկումներ եղան նաև այն մասին, թե ինչպիսի՞ գործիքակազմ մեզ կառաջարկեն Արժութային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, եթե ֆինանսական ճգնաժամը համաշխարհային տնտեսության մեջ ունենա ավելի երկարաժամկետ բնույթ: Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ անհրաժեշտության պարագայում մեզ օպերատիվ օգնություն կտրամադրվի Արժութային հիմնադրամի կողմից` վճարային հաշվեկշիռը կարգավորելու համար, իսկ Համաշխարհային բանկի կողմից` փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալների կտրուկ ավելացման ուղղությամբ, ինչը լավագույն եղանակն է բացասական ֆինանսական ալիքները չեզոքացնելու համար: Ընդհանուր առմամբ, գնահատվեց, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները շատ դրական են, և դա նաև հենց այն երաշխիքն է, որ որևիցէ մենք պրոբլեմ չենք ունենալու ֆինանսական հատվածում ու բացասական ազդեցությունները չեն կարող մեզ համար լուրջ հարված լինել:

Բացի այս հանդիպումներից հանդիպումներ են եղել նաև մեր երեք լոբբիստական կազմակերպությունների հետ: Այդ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքների համակարգման վերաբերյալ, որպեսզի արդյունքում առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն տնտեսական-ֆինանսական մեր ծրագրերն իրականացնելու առումով», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը հաստատել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիրը: Այն մշակվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված պետական քաղաքականության սկզբունքների համաձայն, հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: 2008-2012թթ. ընթացքում իրականացվելիք ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավմամը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, կառուցվածքային բարեփոխումներին, Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի նկարագրի զարգացմանն ու համաշխարհային շուկայում ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը և տրանսպորտային համակարգի բարելավմանը: Միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով, ծրագրով նախատեսվել է պետական ու մասնավոր հատվածների, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցություն:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով նախատեսվում է ՀՀ այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանում` կախված ՀՀ-ում այցելուի գտնվելու ժամկետից: Առաջարկվում է` պահապանելով 120 օր ժամկետով մուտքի արտոնագրի համար պետական տուրքի դրույքաչափը (15000 դրամ), սահմանել 21 օրվա համար համամասնորեն հաշվարկված դրույքաչափ (3000 դրամ): Նշված մոտեցումը հիմնականում ուղղված է ճանաչողական, հանգստի և ժամանցի նպատակով Հայաստան զբոսաշրջային այցելությունների խթանմանը, որոնք որպես կանոն իրականացվում են մինչև 21 օր ժամկետով: Օրինագծով նախատեսվում է նաև պետական տուրք սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի համար:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ավտոմոբիլային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքվող պայմանագրի պայմանները: Նշվել է, որ որոշման կիրառումը հնարավորություն կտա համակարգելու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների աշխատանքը, այն դարձնելու առավել վերահսկելի, ինչպես նաև ապահովելու կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների պաշտպանվածությունը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 216 մլն 925 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին, որից 213 մլն 460 հազար դրամ` Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 50 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման և 3 մլն 465 հազար դրամ` Այգուտ գյուղի սողանքային տարածքում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների կատարման համար: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ հիշյալ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` սողանքային գոտում գտնվող, բնակեցումից ազատված բնակելի տների քանդման, իսկ ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված 15 տնակներում բնակվող անձանց կողմից` նաև դրանց ազատման պարտադիր պայմանով: Սահմանվել է նաև, որ աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվելու են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և քաղաքացու միջև աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արագածոտնի մարզպետարանին` Շողակն (Նորաշեն) համայնքի (Ապարանի շրջան) դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով Շողակն (Նորաշեն) համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 46 մլն 253.2 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2409-Ա որոշման մեջ, գործադիրը` Հնդկաստանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրերի համաձայն, որպես դրամաշնորհ Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքից գոյացած միջոցներից 200 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` 2008թ.-ին և հետագա տարիներին գյուղատնտեսական մի շարք ծրագրերի իրականացման նպատակով: Հանձնարարվել է` ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ մեկ անգամ ևս քննարկել ու վերջնական տեսքի բերել նախագիծը:

Կառավարությունը որոշել է 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված ՀՀ իրավասու մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությանը: Սահմանվել է, որ իրավասու մարմնի պահանջով ՀՀ նախարարություններն ու կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները սահմանված կարգով տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Սահմանվել է նաև, որ իրավասու մարմինը` ազատազրկման դատապարտվածներին փոխանցելիս, այդ մասին իրազեկում է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագիրը հաստատելու մասին» N821 որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, սահմանվել է, որ «ՀՀ քաղաքացի կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձը անձնագիր ստանում կամ այն փոխանակում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումը, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ, համապատասխան մարմին ներկայացնում է քրեակատարողական մարմինը»: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ անձնագրի բացակայության հետևանքով անուղղակիորեն սահմանափակվում են ազատազրկված անձանց առանձին իրավունքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ազատազրկվածներին կենսաթոշակ նշանակելու և վճարելու, հաշմանդամության ճանաչման նպատակով իրավասու լիազոր մարմին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու, քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու, պայմանագրային աշխատանքներում ներգրավելու և այլ հարաբերություններին:

Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների, բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ երկրների արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև մաքսային համագործակցության ու փոխօգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2335-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է այդ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի նվազագույն չափերի փոփոխման, ինչպես նաև ԼՂՀ գործուղվողների գործուղման ծախսերի չափերը սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ հստակեցվել է նաև հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից գործուղման ծախսերի ֆինանսավորման դեպքում գործատուի կողմից հատուցման ենթակա գումարի չափը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հունվարի 1-ից:

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը: Որոշումն ընդունվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 15-ի N1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպես նաև փոփոխություն ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 19-ի N958-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 30-ի N1413-Ն որոշմամբ Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական ՓԲԸ-ն, ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի N1880-Ն որոշմամբ «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 19-ի N958-Ն որոշմամբ «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպվել և միացվել են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին:

Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 24-ի N1262-Ն որոշման մեջ` ավագ դպրոցների համակարգի ֆինանսավորման հստակեցման նպատակով:

Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N662 որոշման մեջ ևս, որը պայմանավորված է ներմուծողների մոտ առկա «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման անհրաժեշտությամբ:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N2039-Ն որոշման մեջ` մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի արդյունավետության բարձրացման, հանձնաժողովի կազմում բազմակարծության, մրցույթի և ատեստավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև հանձնաժողովի կազմը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքին համապատասխանեցնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի N1798-Ն որոշման մեջ, որի համաձայն հարկային պետական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմում կընդգրկվեն նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչը կապահովի հանձնաժողովի աշխատանքների բավարար թափանցիկությունը:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ օրենքի նախագծին` միաժամանակ նշելով, որ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով անհրաժեշտ է մեկ միասնական փաթեթով ներկայացնել նաև այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, որոնցով կսահմանվեն օրենքի խախտման դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմերը և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական լիազոր մարմինները:

Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծին` միաժամանակ նշելով առաջարկվող «Հայոց ազգային ինքնության տոն»-ի օրվա առավել ճիշտ ընտրության համար լրացուցիչ քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Շինարարություն, բարեկարգում» պետական ՓԲԸ-ի (ք. Երևան, Արգիշտի փողոց N1) 2 մլն 867 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` հիշյալ պետական ընկերությունը վերանվանելով նույնանուն ՓԲԸ-ի: Նույն որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքից հետ է վերցվել հիշյալ գյուղում գտնվող 90,6 քմ մակերեսով հին կաթսայատան շենքն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0340 հա հողատարածքը և սահմանված կարգով հանձնվել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին: Թույլատրվել է պետական գույքի կառավարման վարչությանը` իր տնօրինությանը հանձնված 781 հազար դրամ գնահատված արժեքով գույքն օտարել դասական աճուրդով:

Նիստից անմիջապես հետո, ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀ կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ` առավել հանգամանորեն ներկայացնելով իր վաշինգտոնյան այցի արդյունքները: Մամուլի ասուլիսի սկզբում Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է ներկա լրագրողներին` Հայ մամուլի օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ