ուրբաթ, 17 հոկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի կահավորում», «ՀՀ Տավուշի մարզի Դիտավանի գյուղապետարանի կահավորում», «ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք համայնքների փողոցային լուսավորության վերանորոգում» և «Հեռուստամարաթոն-2008» համերգների կազմակերպում», «ԱՔՄԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների համար բժշկական թիմի ուսուցում և պատրաստում» ծրագրերը:
«Արմենիան տեքնոլըջի գրուպ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խրամորթ գյուղի տնկարանային տնտեսությանը` կատարելագործելու տնկիների արտադրության գործընթացը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: