ուրբաթ, 22 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվիրակությանը ԱԺԻ-ի ընտրական ծրագրերի գծով պատասխանատու Պատրիկ Մերլոյի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Պորտուգալիայի նախագահի քաղաքական խորհրդական Ֆերնանդո Մարկես դա Կոստան, Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, խորհրդարանական աշխատանքի երկարամյա փորձ ունեցող Ալեքսանդր Լոնգոլիուսին և ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության արտաքին գործերի, պաշտպանության ու առևտրի բաժնում Միջին Արևելքի գծով մասնագետ Կարոլ Միգդալովիչին, որը Կոնգրեսի անդամներին և հանձնաժողովներին աջակցում է նաև մեր երկրի ու տարածաշրջանի մի քանի այլ երկրների վերաբերյալ տեղեկատվության տրմադրմամբ։
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրում վերջերս անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերի։
Պրն Մերլոն հետաքրքրվել է ՏԻՄ ընտրություններում նկատված թերություններով, դրանց շտկման ուղղությամբ կառավարության նախատեսելիք քայլերով և նախորդ ընտրությունների համեմատ արձանագրված առաջընթացով։ Նա նշել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը նպատակ ունի մինչև առաջիկա ընտրությունները տեղում ծանոթանալ նաև նախընտրական վիճակին, փորձել հնարավորությունների սահմաններում օգտակար լինել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին։ ԱԺԻ-ի ընտրական ծրագրերի գծով պատասխանատուն նշել է, որ առաջին անգամը չէ մեր երկրում և մինչ այս արդյունավետ համագործակցություն է ունեցել հայաստանյան քաղաքական ուժերի, այդ թվում Հանրապետական կուսակցության հետ ու կարծում է, որ ընտրությունների հետ կապված փորձը, Հայաստան իր մի շարք այցելությունները, շփումները կնպաստեն այդ ոլորտում առկա խնդիրների լուծմանը համատեղ ջանքերով։