երկուշաբթի, 25 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՊՀ երկրների արհմիութենական կենտրոնները միավորող Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Շչերբակովին, որը Հայաստանում է գտնվում ՀԱՄԿ արտահերթ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նշելով, որ արհեստակցական միությունները մեծ դեր ունեն հասարակության հիմնախնդիրների լուծման, հատկապես աշխատավորության շահերի և իրավունքների պաշտպանության գործում, կողմերը կարևորել են հետխորհրդային նոր պայմաններում ԱՊՀ անդամ երկրների արհեստակցական միությունների միջև համագործակցության հետագա զարգացման նշանակությունը՝ իրավական և արդար հասարակության կառուցման ճանապարհին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ արհմիութենական կազմակերպության հետ կառավարության սերտ համագործակցությունից, որն ուղղված է աշխատավորների սոցիալական պայմանների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ստվերային տնտեսության դեմ պայքարին: Միաժամանակ, նա նշել է գործարար խավի համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը, ինչը երկրի տնտեսության զարգացման, հասարակության դինամիկ առաջընթացի նախադրյալներից է:
Պարոն Վլ. Շչերբակովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, անձամբ վարչապետ Ա. Մարգարյանին՝ ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացներին ակտիվորեն նպաստելու համար և հույս հայտնել, որ Հայաստանի տնտեսության ու կյանքի մի շարք այլ ոլորտներում նկատելի աշխուժությունը հայ աշխատավորության կենսապայմանների աստիճանական բարելավման լավագույն հիմքն է:
Հանդիպման վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու մեր երկրի և ԱՊՀ երկրների արհեստակցական կազմակերպությունների համագործակցության սերտացմանը: