երկուշաբթի, 25 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է երկու պետությունների պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համագործակցության զարգացումը, որի համար, ըստ նրա, նախարար Մալցևի այցը մեր երկիր լրացուցիչ խթան կհանդիսանա: Նա կարևորել է նաև այցի շրջանակներում Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվելիք երկկողմ համագործակցության 2003թ. ծրագիրը, որը հիմնված է ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությանը միտված՝ երկու երկրների մինչ այս ստորագրած փաստաթղթերի վրա: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր անվտանգությունն ապահովող համակարգը, որն ամենևին չի ենթադրում, թե այլ համակարգ ընտրած երկրների հետ նա չպետք է համագործակցի: Հայաստանը և Բելառուսը բավականին հաջող համագործակցում են ԱՊՀ-ի և Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում, ռազմական ոլորտի փոխգործակցության համար ստեղծված է անհրաժեշտ իրավական դաշտ:
ԲՀ պաշտպանության նախարար պարոն Մալցևը ևս նշելով, որ Բելառուսի և Հայաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի փոխայցերը և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեծ ներուժ է տնտեսական ու ռազմական ոլորտների գործակցության ընդլայնման համար, հույս է հայտնել, որ արդեն ձևավորված աշխատանքային խմբի շրջանակներում հնարավոր կլինի բազմաթիվ խնդիրներ տեղափոխել գործնական հարթություն, և ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը: