երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի մրցանակներին արժանացած գործիչների պարգևատրման արարողությունը:
«Գիտելիք» միջազգային ասոցիացիայի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է ասոցիացիայի «Ոսկե մեծ մեդալ. 60 տարի» և Ֆադեյ Սարգսյանի անվան ոսկե մեդալներով` գիտության, լուսավորության, կրթության մեջ ունեցած անձնական մեծ ավանդի, այդ ոլորտներում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման գաղափարների և «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի գործունեությանը սատարելու համար:
Անվանի գիտնականի ու պետական-հասարակական գործչի` ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՊՀ միջպետական կոմիտեի անդամ, «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ, Հայաստանի «Գիտելիք» գիտալուսավորական կազմակերպության նախագահ, ակադեմիկոս Ֆ. Տ. Սարգսյանի անվան ոսկե մեդալի հիմնման վերաբերյալ, «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Եֆիմ Մալիտիկովը նշել է, թե «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի կողմից հիմնված և Ռուսաստանի Դաշնության նախագահի հերալդիկական խորհրդում գրանցում ստացած ակադեմիկոս Ֆ. Տ. Սարգսյանի ոսկե մեդալը միջազգային հանրության շնորհակալության սոսկ չնչին մասն է Ֆադեյ Սարգսյանից ճառագող լույսի համար` ի խրատ և իբրև օրինակ ապագա սերունդներին: «Մենք միանգամայն բծախնդրորեն ընտրելու ենք լավագույններին, ամենատաղանդավորներին ու ջանադիրներին` նրա անվան պարգևի հարգն ու կարգավիճակը չխաթարելու համար», - ասել է Եֆիմ Մալիտիկովը:
Շնորհակալություն հայտնելով Ֆադեյ Սարգսյանի հասցեին ասված գնահատանքի ջերմ խոսքերի համար, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ինձ հաճելի էր լսել այդ ամենը, քանի որ ինքս շատ բարձր եմ գնահատում Ֆադեյ Սարգսյանի գործունեությունը թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի անկախացումից հետո, որտեղ նա ևս կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Այսօր ևս նա իր ներկայությամբ ու գործունեությամբ փոխադարձ վստահության, սիրո և հարգանքի մթնոլորտ է ստեղծում ՀՀ կառավարությունում»: Վարչապետը «Գիտելիք» միջազգային ասոցիացիային շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի բարձր պարգևին իրեն ևս արժանացնելու, այդ կազմակերպության առաքելության և ընթացիկ գործունեության համար` բարձր գնահատելով իրականացվող աշխատանքը:
Ֆ. Տ. Սարգսյանի անվան ոսկե մեդալով և «Գիտելիք» ասոցիացիայի «Ոսկե մեծ մեդալով» պարգևատրվել են նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի հասարակական-քաղաքական, գիտական ոլորտների անվանի գործիչներ Էմիլ Գաբրիելյանը, Գեորգի Տեր-Ղազարյանցը, Նինա Եսայանը: Ֆադեյ Սարգսյանը պարգևատրվել է ակադեմիկոս Ե. Մալիտիկովի «Ոսկե մեծ մեդալով», իսկ Հայաստանի «Գիտելիք» գիտալուսավորական կազմակերպությունը` «Գիտելիք» միջազգային ասոցիացիայի «Ոսկե մեծ մեդալով»:
«Գիտելիք» միջազգային ասոցիացիան` լինելով նախկին համամիութենական «Գիտելիք» ընկերության իրավահաջորդը, շարունակում է գիտելիքի, հասարակության մեջ լուսավորության տարածման լավագույն ավանդույթները: Հանդիսանալով գիտելիքի տարածման ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր ոչ կառավարական կազմակերպություններից մեկը, «Գիտելիք» միջազգային ասոցիացիան ներկայումս միավորում է տարբեր երկրների շուրջ 30 ոչ կառավարական կազմակերպություններ: Այն խորհրդատվական կարգավիճակ ունի մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության դեպարտամենտում, համակարգում է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը` ՄԱԿ-ում ձևավորված IRENE միջտարածաշրջանային ցանցի շրջանակներում: