երեքշաբթի, 26 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Անդրեաս Լովերդոսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով։ Նշելով երկու երկրների և ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հույս են հայտնել, որ 2003 թ.-ին Հունաստանի կողմից Եվրամիության, իսկ Հայաստանի կողմից Սևծովյան տնտեսական համագործակցության նախագահության ստանձնումն ավելի լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Պարզաբանելով տնտեսական հարաբերությունների բնագավառում ՀՀ կառավարության մոտեցումները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ դրանք կառուցվում են բարեկամ երկրների ու նրանց տնտեսվարող սուբյեկտների միջև ծագող բոլոր տեսակի հիմնախնդիրները փոխըմբռնման և փոխհամաձայնության ճանապարհով լուծելու սկզբունքի վրա։ Անդրադառնալով մասնավորապես «ԱրմենՏելի» հետ կապված խնդիրներին, վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարության պահանջները ինքնանպատակ չեն։ Դրանք բխում են մեր երկրում որակյալ կապի ծառայությունների մատուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացման, այդ ոլորտում տարածաշրջանային մրցակցության հնարավորությունների պահպանման և զարգացման ելակետերից։ ՀՀ վարչապետի փաստարկները քաղաքական ընկալման իմաստով ընդունելի համարելով, պարոն Լովերդոսը միաժամանակ առաջարկել է երկուստեք ջանքեր գործադրել փոխադարձ պահանջների նվազեցման ուղղությամբ, հավաստիացնելով, որ Հունաստանի կառավարությունն այսուհետ հատուկ ուշադրություն կհատկացնի «ԱրմենՏելի» կողմից Հայաստանում կապի ծառայությունների որակը կտրուկ բարելավելու խնդրին։ Փոխնախարարը նաև խնդրել է Հայաստանի կառավարությանը առաջարկություններ ներկայացնել մասնավորապես կրթության, առողջապահության, աղքատության դեմ պայքարի սոցիալական ծրագրերի ոլորտներում հունական կառավարության կողմից նախատեսվող աջակցությունը կազմակերպելու համար։
Հանդիպման վերջում ՀՀ վարչապետն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը հավաստել են, որ ոչինչ չի կարող խաթարել երկու երկրների ու ժողովուրդների միջև դարերով ձևավորված բարեկամությունը, խոչընդոտել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները առավել զարգացնելու և խորացնելու կառավարությունների հաստատակամությանը։