ուրբաթ, 24 հոկտեմբերի 2008
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` «Մենթոր գրաֆիկս» ընկերության նախագահ Գրեգ Հինկլի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Գրեգ Հինկլին ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1981թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Մենթոր գրաֆիկս» ընկերության անցած ուղին, ծրագրերը և հայաստանյան շուկայում ակտիվ գործունեություն ծավալելու մտադրությունը: Համակարգիչների և համակարգչային ծրագրերի պատրաստմամբ զբաղվող և 880 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ ունեցող «Մենթոր գրաֆիկս»-ը` իր առաջարկած ծրագրերի միջոցով, ընկերություններին հնարավորություն է ընձեռում արտադրել առավել որակյալ, արագ և արդյունավետ էլեկտրոնային արտադրանք` բարելավելով եկամտաբերությունը:
Վարչապետը կարևորել է Հայաստանում այս ընկերության գործունեությունը, նշելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի «Մենթոր գրաֆիկս»-ի բիզնեսը մեր երկրում հաջողություն ունենա: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի ընկերությանը` խնդիրներ ծագելու դեպքում, արագ արձագանքելով և գործունեության համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելով, ինչպես հայաստանյան շուկայում գործող այլ ընկերությունների դեպքում է: