Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի առաջարկվում է 2009թ.-ին նվազագույն աշխատավարձի չափն ավելացնել 5000 դրամով` սահմանելով 30 հազար դրամ: Նախագիծը մշակվել է` ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 3-ի «2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N704-N որոշման համապատասխան: Առաջարկվում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ժամավճարի նվազագույն չափերն օրենքով սահմանել ոչ միայն գործավարձով, այլև աշխատանքի վարձատրության այլ ձևերով վարձատրվող աշխատողների համար: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Կառավարությունը հաստատել է հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը, ինչպես նաև հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը: Որոշումն ընդունվել է ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների ներդրման, ՀՀ տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով:

Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 1998թ. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցների մասին» N338 որոշման մեջ` մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ընթացակարգերը պարզեցնելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է` ճանապարհային վճարի վճարման անդորրագրի և արտոնության հավաստագրի փոխարեն, համակարգչի համապատասխան ծրագրի միջոցով նշումներ կատարել մաքսային հայտարարագրում, որի արդյունքում կկրճատվի մաքսային մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քանակը, ինչպես նաև մաքսային հսկողությունը կիրականացվի ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով:

Նիստում կառավարությունը հաստատել է Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ): Նշվել է, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) վերանայված այդ փաստաթուղթը ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդի կողմից քննարկվել և հավանության է արժանացել 2008թ. սեպտեմբերի 10-ի նիստում` վերանվանվելով «Կայուն զարգացման ծրագիր»: Հաշվի է առնվել, որ այն բովանդակությամբ և կառուցվածքով որոշակիորեն տարբերվում է նախորդից, ունի ավելի լայն ընդգրկում և, ըստ էության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է: Ընդգծվել է, որ ծրագրի վերանայումը ենթադրում է որոշակի փոփոխությունների և ճշգրտումների կատարում նաև ծրագրի մասնակցային կառավարման ինստիտուտներում ու կառուցվածքներում: Այդուհանդերձ, այդ համակարգը հիմնականում առաջնորդվելու է ԱՀՌԾ-ի իրականացման մասնակցային կառավարման համակարգի գործառնական սկզբունքներով` հիմքում ունենալով սոցիալական գործընկերության գաղափարախոսությունը: Կայուն զարգացման ծրագիրը ներառում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման հիմնական արդյունքները և ռազմավարական ծրագրի վերանայման անհրաժեշտությունը, աղքատության և անհավասարության պատկերը Հայաստանում և ԱՀՌԾ-ի նպատակադրումները, նյութական աղքատության կրճատման ԿԶԾ-ի նպատակները, տնտեսական զարգացման ռազմավարությունը, տարածքային զարգացումը, հանրային կառավարման և դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի բարեփոխումները, սոցիալական աջակցության համակարգը, մասնակցային գործընթացը, ծրագրի մոնիտորինգը և այլն:

Անդրադառնալով ԿԶԾ-ի հիմնական նպատակներին և ռազմավարական գերակայություններին, նշվել է, որ չնայած ԱՀՌԾ-ի հաջող իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է աղքատության մակարդակը, իսկ ծայրահեղ աղքատությունը կարելի է համարել հիմնականում հաղթահարված, աղքատությունը դեռևս լուրջ սոցիալական հիմնահարց է, որն ի վիճակի է վտանգել երկրի սոցիալական կայունությունը և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացման արգելք հանդիսանալ: Այդ պատճառով, բնակչության բարեկեցության աճը և աղքատության հաղթահարումը, ներառյալ ծայրահեղ աղքատության վերացումը, կշարունակի մնալ Կայուն զարգացման ծրագրի հիմնական նպատակներից մեկը: Ծրագրի առանցքային նպատակների թվում են նաև մարդկային աղքատության հաղթահարումն ու մարդկային զարգացման ապահովումը, տնտեսական զարգացման ներկայիս անհամաչափությունների հետագա աճի զսպումը: Կայուն զարգացման ծրագրի հիմնական ռազմավարական և ծախսային գերակայությունները չեն փոխվելու` չնայած ԱՀՌԾ-ի համեմատ նախատեսվում է դրանց կողմից ծածկվող ոլորտների էական ընդլայնում: ԿԶԾ-ի ռազմավարությունը նույնպես բաղկացած կլինի 3 հիմնական գերակա ուղղություններից` կայուն արագ տեմպերով տնտեսական աճի ապահովում, ակտիվ և բնակչության խոցելի խմբերին (ներառյալ աղքատներին) ուղղված նպատակային սոցիալական և եկամտային քաղաքականության իրականացում և երկրի կառավարման համակարգի արդիականացում: Միաժամանակ, նշված գերակայությունների իրացման գործընթացը կզուգակցվի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների լուծման հետ: Ընդգծվել է նաև, որ Կայուն զարգացման ծրագրի հիմնական տարբերություններից մեկը ԱՀՌԾ-ից` տևական տնտեսական աճի ապահովման քաղաքականության միջոցառումների կտրուկ ընդլայնումն է, որն ահրաժեշտ է պետական քաղաքականության մեջ նոր ի հայտ եկած մարտահրավերները և հանգամանքները հաշվի առնելու համար:

Հանձնարարվել է ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչև 2008թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ` Կայուն զարգացման ծրագրի իրենց իրավասություններին վերաբերող 2009-2012թթ. քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ: Հանձնարարվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարին` մինչև 2008թ. նոյեմբերի 30-ը ՀՀ նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններին ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող 2009-2012թթ. քաղաքականությունների միջոցառումների ներկայացման օրինակելի ձևը, միչև 2009թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող 2009-2012թթ. միջոցառումների նախագիծը, ինչպես նաև մինչև 2008թ. դեկտեմբերի 30-ը` ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգը և դրա զարգացման միջոցառումների ծրագիրը:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. դեկտեմբերի 15-19-ը անցկացնել ստուգողական վարժանք` «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով: Որոշումն ընդունվել է միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով: Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու է նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` մինչև 2008թ. նոյեմբերի 15-ը ապահովել ստուգողական վարժանքի սցենարի առկայությունը, ինչպես նաև մինչև 2009թ. հունվարի 25-ը ՀՀ կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի ամփոփ արդյունքները: ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և օտարերկրյա այլ իրավասու մարմինների փորձագետների մասնակցությունը ստուգողական վարժանքին:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը` ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N870-Ն որոշման 2008թ. (01.08-01.10 ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Զեկուցվել է, որ նշված ժամանակահատվածում միջոցառումների ծրագրի ցանկում մնացած կատարման ենթակա 43 հանձնարարականներից` 2008թ. հոկտենբերի 17-ի դրությամբ, կատարվել է 40-ը (կամ 93 տոկոսը): Ընդհանուր թվով 50 հանձնարարականներից 5-ի կատարման ժամկետը տեղափոխվել է 2008թ. չորրորդ եռամսյակ, իսկ 2-ը ուժը կորցրած է ճանաչվել: 9 հանձնարարական (կամ 20,9 տոկոսը) կատարվել է ուշացումով: 2008թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ չի կատարվել ծրագրով նախատեսված 3 հանձնարարական (կամ 7 տոկոսը), որոնք գտնվում են մշակման կամ համաձայնեցման փուլերում:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների» տեխնիկական կանոնակարգը: Այն մշակվել է հանրապետության բնակավայրերի կանաչ գոտիների ընդլայնման նպատակով` ի շահ բնակչության առողջության պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, միասնական ձևերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի օգտագործման կարգը:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի N840-Ն որոշման մեջ, գործադիրը որոշման 4-րդ կետը շարադրել է նոր խմբագրմամբ, ըստ որի հանձնարարվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2008թ. նոյեմբերի 15-ը սահմանել ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման վերաբերյալ նորմատիվները` դրանք համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի և Երևանի քաղաքապետի հետ:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև` «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կառավարական կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է ուկրաինական կողմի իրավասու մարմնի փոփոխումը հիշյալ համաձայնագրում ամրագրելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` Եվրոպական որակի հավաստման ռեգիստրին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին: Նշվել է, որ անդամակցությունն այդ նորաստեղծ եվրոպական կառույցին նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (ԵԲԿՏ) մեր երկրի ինտեգրման, ՀՀ բարձրագույն կրթական համակարգը Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով խորքային փոփոխությունների իրականացման համար:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման N 5 հավելվածում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008թ. մարտի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008թ. ծրագիրը հաստատելու մասին» N 293-Ն որոշման երկրորդ հավելվածը հաստատել է նոր խմբագրմամբ: Նույն որոշմամբ 2008թ. հոկտեմբերի 21-24-ը Երևանում ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով վարչության «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և զարգացման գլոբալ ալյանս» (GAID) ծրագրի և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվող «Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովն» անցկացնելու կապակցությամբ, հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` որոշման առաջին և երկրորդ կետերով վերաբաշխված` 2008թ. մարտի 13-ի N 293-Ն որոշման երկրորդ հավելվածի 4.2 կետի գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել համաժողովի համակազմակերպիչ «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից մրցույթի գումարի հաշվեգրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ վերջինիս սպասարկող գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ-ում արտադրվող և ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, ՀՀ-ում արտադրվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը և ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմումի ձևը: Սահմանվել են որոշման կատարման պայմաններն ու պատասխանատուները, ակցիզային դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները: Սահմանվել է նաև, որ ՀՀ-ում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման կարգը հաստատում է հարկային մարմինը:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N662 որոշման մեջ, որոնցով սահմանվող դրույթներն ապահովում են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջների կատարումը:

Նիստում կառավարությունը հաստատել է «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» դրամաշնորհային միջոցների շրջանակներում անցկացվող և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կողմից 2008թ. մարտի 24-ին հավանության արժանացած «Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ֆիխթներ» ՍՊԸ-ն:

«Իրավական ակտերի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հաստատվել է «Կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգ»-ը և լիցենզիայի ձևը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 9-ի «Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և նշված գործունեության տեսակների լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N21-Ն որոշումը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 6-ի N1008-Ն որոշման մեջ, գործադիրը որոշման N2 հավելվածը շարադրել է նոր խմբագրմամբ: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված շահառումների խորհրդի ներկայացուցիչները փոխարինվել են 2008-2009թթ. շահառուների խորհրդի կազմից ընտրված նոր պատվիրակներով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 17 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 25-ի N410-Ն որոշման համաձայն, Կառավարական թիվ 3 մասնաշենքի 8-րդ հարկից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացված 120քմ մակերեսով օժանդակ տարածքը հիմնանորոգելու նպատակով:

Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, կառավարությունը որոշել է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանին:

Նիստում գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման N 11 հավելվածի` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2008թ. մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման ուղղությունների նախահաշվի «այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության համակարգի զարգացման ֆոնդին հատկացնել 100 մլն դրամ` 2009թ. ընթացքում հիշյալ ֆոնդից վերականգնելու պայմանով:

Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին, ըստ որի ՀՀ կառավարությունն օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) մասնագիտությունների ցանկը և կարգը:

Նիստում գործադիրը քննարկել է նաև ՀՀ Լոռու մարզպետարանի տնօրինության «Կաթնաջրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքից Կաթնաջուր գյուղում գտնվող 10 հատ փայտյա տնակները, ինչպես նաև նույն մարզի «Պուշկինոյի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքից Պուշկինո գյուղում գտնվող 4 հատ փայտյա տնակները հետ վերցնելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու, այնուհետ վարչության տնօրինության հիշյալ գույքը դասական աճուրդով օտարելու մասին հարցը: Վարչապետը կտրականապես դեմ է արտահայտվել տնակների օտարման գործընթացին, որոնք, ըստ նրա, այնուհետ վերավաճառքների և չարաշահումների առարկա են դառնում, ինչի մասին են վկայում նաև Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Լոռու մարզպետին` ՀՀ պետգույքի կառավարման վարչության հետ միասին զբաղվել խնդրի լուծմամբ` այն մոտեցումով, որ վերոհիշյալ տնակները բնակության համար պիտանի լինելու դեպքում, պետության կողմից կտրամադրվեն բնակարանի կարիք ունեցող Այգուտ գյուղի բնակիչներին, իսկ ֆիզիկական մաշվածության բարձր աստիճան ունենալու դեպքում, մարզպետարանի կողմից շինանյութի կվերածվեն և կվաճառվեն:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ