ուրբաթ, 31 հոկտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչներին` գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեևի գլխավորությամբ և «Գազպրոմբանկ» խմբի լիիրավ անդամ ու որպես հարյուր տոկոսանոց դուստր բանկ հանդիսացող «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի ղեկավարությանը` ի դեմս բանկի խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի և գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի:
Վարչապետը շնորհավորել է «Առէկսիմբանկի» 10-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ ու հիշյալ բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ձեռք բերած «Գազպրոմբանկի» հետ նախատեսած հավակնոտ ծրագրերի շուտափույթ իրականացում: Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացվել է «Առէկսիմբանկի», իբրև ՀՀ կայուն զարգացող ֆինանսական կառույցներից մեկի, առաջիկա ծրագրերն ու «Գազպրոմբանկի» հետ համագործակցության արդյունքում նախատեսվող զարգացման հեռանկարները:
Տիգրան Սարգսյանն առաջարկել է այդ ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ֆինանսավորմանը` այդ շուկան համարելով հեռանկարային: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, եթե «Գազպրոմբանկը» ձգտում է Հայաստանի բանկային մրցակցային դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնել, ապա պետք է գործի արագ և արդյունավետ օգտագործի ունեցած ներուժը` նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ի համեմատ ՀՀ ֆինանսական հատվածը թեև փոքր, բայցև շատ ուժեղ և կայուն է:
Խոսելով այսօր աշխարհում նկատվող այն միտումների մասին, որ ստեղծված իրավիճակում բոլորը մտահոգված են իրենց միջոցները ավելի կայուն տեղում ներդնելու, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այն տեղն է, որտեղ այսօր կարելի է վստահորեն ներդրումներ կատարել: