ուրբաթ, 29 նոյեմբերի 2002
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2002-2004 թվականների ընթացքում իրականացվող 4 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ բարեգործական ծրագիր: Մասնավորապես` նիստում քննարկվեց և հաստատվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Դեղձավանի դպրոցի շենքի կառուցում» ծրագիրը, որի նպատակն է ավարտել նշված դպրոցի շինարարական աշխատանքները։
Հաստատվեց նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող մյուս՝ «Վայոց Ձորի Հերմոն գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցում» ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա նշված գյուղում սպառողներին ապահովել 8 լ/վրկ ջրաքանակ և 100%-ով լուծել գյուղի ջրամատակարարաման խնդիրը։
Քննարկվեց և հաստատվեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» ԵՄՔԸ հասարակական կազմակերպության կողմից Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Արագածոտնի մարզի Ջրամբար ավանում և Երևանում իրականացվող շինարարական ծրագիրը, որը նախատեսում է 70 փախստական ընտանիքների ապահովել բնակարաններով, լուծել Էջմիածնի «Արագած-5» թաղամասի ծերանոցի անխափան ջրամատակարարման հարցը, վերանորոգել Արագածոտնի մարզի Ջրամբար ավանի Փախստականներով բնակեցված թիվ 3 շենքի տանիքը։
Նիստում հաստատվեց նաև «Միջազգային ակցիա սովի դեմ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սյունիքի մարզի Սիսիանի գյուղական շրջաններում բարելավել չքավոր համայնքների կենսամակարդակը։
Քննարկվեցին և հաստատվեցին նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող երկու՝ «Բարեկեցիկ մանկություն-2» — «Առողջ կյանք-2» ծրագրերը, որոնցից առաջինը նպատակ ունի բարելավել Նոր Նորք համայնքի թիվ 9 մանկապարտեզի սաների կենցաղային, կրթական և առողջապահական պայմանները, իսկ երկրորդը՝ վերանորոգել Երևանի «Շտապ օգնություն» գիտա-բժշկական կենտրոնի թիվ 3 հիվանդասենյակները և կենտրոնն ապահովել բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի կողմից 2002-2003թթ. իրականացվող «Չարորակ ուռուցքներով տառապող հիվանդների հեռահար ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացումը» ծրագիրը, որի հիմնական նպատակն է հիվանդների ճառագայթային բուժմանը նախորդող գործընթացների բարելավումը։
Քննարկվեց և հաստատվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի «Բնակարան» ծրագիրը, որի նպատակն է գնել Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 38 — 39 հանրակացարանային շենքերը և անհատույց տրամադրել այնտեղ բնակվող փախստականներին։ Նիստում անդրադարձ եղավ նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցերի: