ուրբաթ, 31 հոկտեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էհուդ Գոլին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերություններում նոր էջ բացելու համար այսօր կան լուրջ նախադրյալներ: Տիգրան Սարգսյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից այդ հարաբերությունների սերտացմանն ուղղված նախաձեռնությունների, Հայաստանում հրեական համայնքի հետ արդյունավետ համագործակցության մասին: Վարչապետը կարևորել է Հայաստանում Իսրայելի դեսպանության բացումը, ինչը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, զգալիորեն կնպաստի և նոր խթան կհանդիսանա հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցության հաստատման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին` ֆուտբոլային դիվանագիտությանը, դրա արդյունքում կայացած հանդիպումներին, այդ հարաբերությունների կարգավորման գործում Իսրայելի դերակատարությանն ու տարածաշրջանի այսօրվա խնդիրներին:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպան Էհուդ Գոլին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-իսրայելական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, հույս հայտնելով, որ այսուհետ ևս որտեղ էլ լինի պարոն Գոլը, կշարունակի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը:
Իսրայելի դեսպանը վստահեցրել է, որ այդպես էլ կլինի, քանի որ իրեն համարում է Հայաստանի բարեկամ: