ուրբաթ, 7 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության և ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համգործակցությունը:
Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը, հանդիպում է ունեցել նաև իր երկրի` արևմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետության նախագահի հետ, ով ևս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերության մտադրութունը և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լիոնեում ոսկու և ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության և ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը և ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը` կարևորելով մասնավոր հատվածին աջակցությունը և նաև նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու և զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների հաստատմանը: