շաբաթ, 30 նոյեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Դրական գնահատելով արտգործնախարարության և դեսպանների գործունեությունը, վարչապետը նշել է, որ նրանց աշխատանքից շատ բան է կախված արտերկրում մեր պետության համապատասխան վարկանիշի ձևավորման, քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, սոցիալական ու տնտեսական հիմնահարցերի լուծմանն ուղղված քայլերի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու գործում։ Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկա նախագահական ընտրությունների շեմին հանրապետությունում առկա քաղաքական գործընթացները այլ երկրներում և սփյուռքահայության շրջանում ճշմարտացիորեն ներկայացնելու կարևորության վրա։ «Անկախացումից հետո անցած տասը տարիներին արտասահմանում մեր երկրի դիվանագիտական աշխատանքի սկիզբը ճիշտ է դրված և հույս ունեմ, որ նույն հաջողությամբ այսուհետև էլ կշարունակվի», -նշել է Անդրանիկ Մարգարյանը։
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վարչապետին է ներկայացրել նախօրեին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դեսպանների տարեկան խորհրդաժողովի արդյունքները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետին արտգործնախարարության և դեսպանությունների խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար։ Նախարարը վստահեցրել է, որ սկսված աշխատանքը առաջիկայում ևս արժանի շարունակություն կունենա։
Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։