ուրբաթ, 7 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը 2008 թվականի նոյեմբերի 10-ին կգործուղվեն Սյունիքի մարզ` Կապան և Քաջարան, լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Վերոնշյալ նախարարներին հանձնարարվել է լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու և առկա խնդիրներն արձանագրելու նպատակով, հանդիպել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և արհեստակցական կազմակերպությունների ղեկավարների հետ, գործուղումից վերադառնալուց հետո 2-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություններ արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ։
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին հանձնարարվել է` կազմակերպել և ապահովել որոշման մեջ նշված հանդիպումները։
Նույն որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, աշխատանքի տեսչության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի ու Սյունիքի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի հետ համատեղ անցկացնել խորհրդակցություն` Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։