չորեքշաբթի, 12 նոյեմբերի 2008
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի համար ուղենշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ նախագահի ու քաղաքական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների նախընտրական ծրագրերի և քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:
Ես արդեն առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու բյուջեի հիմնական տրամաբանությունը և սկզբունքները, ինչպես նաև այս ամբիոնից անդրադառնալու` ֆինանսական ճգնաժամի հաղթահարման չորս կարևոր գործոններին: Այսօր ուզում եմ հանգամանորեն կանգ առնել մեր տնտեսական քաղաքականության որոշ սկզբունքային դրույթների վրա, որոնք խիստ արդիական են գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում:
ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դրսևորվում է ֆինանսական ակտիվների կտրուկ վատթարացմամբ, իրացվելի միջոցների, ֆինանսական հաստատությունների կապիտալիզացիայի մակարդակի նվազմամբ, վստահության իսպառ բացակայությամբ: Զարգացած երկրներում հարյուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը, ֆինանսական շուկաների աշխատանքի խաթարումը էապես փոխում են շուկայի մասնակիցների վարքագիծը:
Հիմնական գլոբալ խաղացող` Միացյալ Նահանգների տնտեսության մեջ առաջին անգամ նկատվեց ներդրումների զուտ ներհոսք` արձանագրելով դոլարային էքսպանսիայի ավարտը: Սա իր հերթին բերում է ճգնաժամի խորացմանը` աշխարհի գրեթե բոլոր զարգացած ֆինանսական շուկաներում և զարգացող երկրներին զրկում է օտարերկրյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից:
Հիփոթեքային շուկայում ձևավորված ֆինանսական փուչիկները, որոնք սնուցվում էին անկատար, արհեստականորեն բարդացված ֆինանսական համակարգից, պայթեցին՝ բացահայտելով ֆինանսական և իրական հատվածի միջև էական շեղվածությունը: Ֆինանսական հատվածը արժեթղթերի շուկայի միջոցով պարտադրեց համապատասխան ճշգրտումներ կատարել իրական (կորպորատիվ) հատվածում: Սա էլ հանդիսացավ ֆինանսական ճգնաժամի հիմնական բարութը՝ պայթեցնելով իրական հատվածը: Միևնույն ժամանակ բացահայտվեց գլոբալ ֆինանսական և տնտեսական համակարգերի կառավարման, կարգավորման և վերահսկողության անկատարությունը:
Դեռևս մենք ականատես ենք կարճաժամկետ միջոցառումների և միջամտությունների, որոնց նպատակն է հանգցնել կրակը: Այսօր G-7, G-8, G-20-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային Բանկը և այլ գլոբալ սուբյեկտները տարբեր ֆորմատներով քննարկում են նոր ձևավորվող աշխարհին համահունչ կառավարման նոր ինստիտուտների և նոր մեխանիզմների ստեղծման հարցը:
Որո՞նք են գլոբալ ճգնաժամի առաջին դասերը:
- ֆինանսական հատվածում խիստ վերահսկողություն և ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայության անհրաժեշտություն,
- թափանցիկության կանոնների պահպանում, այդ թվում խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության և հասարակության կողմից վերահսկողության ապահովում,
- պատժամիջոցների համարժեքությունը` հնարավոր ռիսկերի դրսևորմանը,
- Իրական հատվածում և ֆինանսական հատվածում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակում,
- վերահսկող մարմինների համախմբվածության անհրաժեշտություն,
- դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման նոր սկզբունքների մշակում,
- մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիություն,
- և ամենակարևորը` սոցիալական համերաշխության և վստահության մթնոլորտի ապահովում:
Եվ այսպես, գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է՝
ա. կարճաժամկետ ֆինանսական միջոցների լայնածավալ արտահոսքի,
բ. զարգացող երկներում ներդրումային ծրագրերի կրճատմանը և հետաձգմանը,
գ. շուկայի մասնակիցների միջև վստահության կորստին:
Գլոբալ տնտեսական ճգնաժամը հանգեցնում է՝
ա. համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը,
բ. Աշխատատեղերի կրճատմանը և գործազրկության աճին,
գ. համաշխարհային շուկաներում հումքի և որոշ ապրանքների գների նվազմանը:
ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջև խնդիր է` դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին:
ՌԻՍԿԵՐԸ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար հետևյալ հիմնական ռիսկերը՝
- մասնավոր ուղղակի ներդրումների նվազում և հետաձգում,
- մասնավոր տրասնֆերտների կրճատում,
- հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչև հումքի գների բարձրացումը,
- շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում և ներդրումների կրճատում:
Որպես հետևանք կարող է ի հայտ գալ՝
- սպառման ծավալների կրճատում,
- վճարային հաշվեկշռի վատթարացում,
- վարկատուների բացասական սպասումների ձևավորում:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում ի հայտ է գալիս մի նոր երևույթ. շուկայի մասնակիցների մոտ ժամանակավոր դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու ցանկությունը հանգեցնում է ստվերի խորացման հնարավորությունների և կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
Հասկանալի է, որ թվարկված բոլոր ռիսկերը ուղղակիորեն առնչվում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը:
Այս իրավիճակում կառավարության ջանքերն ուղղված են լինելու.
ա. մակրոտնտեսական կայունության ապահովմանը,
բ. ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը,
գ. ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտմանը և ներդրմանը, որոնք
- կընդլայնեն սպառումը,
- կխթանեն տեղական արդյունաբերությունը,
- կտրուկ կավելացնեն արտահանումը,
- կբարելավեն վճարային հաշվեկշիռը:
ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ
Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամն, ասես յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաև` զարգացած և զարգացող երկրների միջև առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ` այն միևնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները:
Այս պայմաններում պետության նախաձեռնողական դերը տնտեսական գործընթացներում զգալիորեն բարձրանալու է:
Տնտեսական աճին էապես խթանելու է հանրապետության նախագահի կողմից հայտարարված` պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը` այդ թվում նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի և ներդրումային, հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը:
Ռեալ և պոտենցիալ ՀՆԱ-ների միջև շեղվածությունը առաջ է բերում դեֆլյացիոն միտումներ, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու համար: Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, էապես կարևորվելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես` համաշխարհային և ներքին շուկաներում ձևավորված գների միջև անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ և այլն: Մենք պատրաստ ենք աջակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն:
Բացի ձեզ ներկայացված` պետական բյուջեով նախատեսված միջոցառումներից, վերոնշյալ նպատակներին հասնելու և գլոբալ ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը ձեռնարկելու է հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝
1. Իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցելու է գործող և նոր ստեղծվող ձեռնարկություններին` խրախուսելով մրցունակության բարձրացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա ենթադրում է.
- ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում,
- սուբսիդավորման գործիքների կիրառում,
- կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցություն:
Ստվերային և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խոշոր, 500 միլիոնից ավելի ակտիվներ կամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ:
2. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու են՝
- մեծածավալ վարկային միջոցների հասանելիության ապահովում ՀԲ, ԵԲ, Ասիական Բանկի օժանդակությամբ (Բանակցություններն այս առումով կավարտվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և շուրջ 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ կհայթայթվեն այս նպատակին հասնելու համար):
- հարկային վարչարարության էական պարզեցում: Մասնավորապես, մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում և պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում:
3. Կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը և նախապատրաստմանը` հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ:
4. Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում և Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում: Ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նպատակով ԱՄՆ-ից մենք ստանալու ենք տեխնիկական օժանդակություն Գյումրի քաղաքում, իսկ օդանավակայանում արդեն իսկ համաձայնություն ենք ձեռք բերել կոնցեսիոների հետ` հայեցակարգի վերաբերյալ:
5. ԵՄ և ԱՄՆ հետ առևտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար (Պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Աշխատանքային խումբը գործուղվում է ԱՄՆ` նախապատրաստելու այս պայմանագիրը):
6. Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ և ծառայություններ մատակարարողներին:
7. Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը փնտրում են հուսալի ներդրումների և խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին:
8. ՀԲ-ի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու պետական ռեզերվների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նույն ծրագրով մենք նպատակ ունենք ապահովել պարենային և ռազմավարական պահուստների պատշաճ մակարդակ:
Այս միջոցառումներն իրականցվելու են հստակ սահմանված կանոնների ներքո: Այդ կանոնները լինելու են հրապարակային, և ապահովվելու է հասարակական վերահսկողությունը ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Այս աշխատանքներում ներգրավված են լինելու լավագույն հայկական և միջազգային փորձագետները:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով իրականցվելու են հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝
- գյուղատնտեսությունում` պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր խթանների ապահովում,
- շինարարության ոլորտում՝ աղետի գոտում 77 մլրդ դրամի (250 միլիոն դոլարի) շինարարության իրականացում, դպրոցաշինության մեջ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում,
- Ճանապարհաշինության մեջ` նոր նախագծերի իրականացում: Այդ թվում` Ասիական Բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում:
- էներգետիկայի ոլորտում` ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր նախագծերի իրականացում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սոցիալական ոլորտում նախատեսվում է`
1. սոցիալական բոլոր պարտավորությունների ժամանակին և ամբողջական ծավալով իրականացում,
2. հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում,
3. մատչելի բնակֆոնդի ձևավորում,
4. էժան հիփոթեքային համակարգի ձևավորում,
5. դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում:
Սրանք են այն լրացուցիչ միջոցառումները, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել: Անհրաժեշտ է նշել, որ այս միջոցառումները համահունչ են զարգացող երկրների մեծամասնության կողմից իրականացվող միջոցառումներին: Այս ծրագրերը իրականացնելու ենք ՀԲ և ԱՄՀ աջակցությամբ: Շուտով կավարտենք բանակցությունները ՀԲ-ի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ: Պարբերաբար մենք հաշվետվություն կներկայացնենք Ազգային Ժողովին այս միջոցառումների իրականացման վերաբերյալ, և անհրաժեշտության դեպքում հանդես կգանք նոր օրենսդրական նախաձեռնություններով:
Ամփոփելով պետք է նշեմ, որ 2009թ.-ի մեր սկզբունքներն են լինելու`
- Կարգ ու կանոն ամենուրեք,
- Հրապարակայնություն և հասարակական վերահսկողություն,
- Օպերատիվ և համալիր գործողություններ:
Մեր կարգախոսն է լինելու. «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»:
Շնորհակալություն ուշադրության համար: