շաբաթ, 15 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ռումինական հարաբերությունների ներկայիս մակարդակը` ընդգծելով, որ գրեթե բոլոր բնագավառներում գոյություն ունի համագործակցություն և տարեցտարի այն զարգացնելու մեծ ներուժ: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրին ներկայացրել է համագործակցության զարգացմանն ուղղված հայկական կողմի առաջարկությունները, որոնք ներառում են տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, արդարադատության, մշակույթի, պաշտպանության և մի շարք այլ ոլորտներ: Դրանց թվում կարևորվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» լրացուցիչ արձանագրության ստորագրումը: Վարչապետն օգտակար է համարել Զարգացման հայկական գործակալության, ՀՀ առևտրարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ռումինական համանման կառույցների միջև փոխգործակցության ընդլանումը, գործարար համաժողովների կազմակերպումը, երկու երկրների միջև գործարար տեղեկատվության փոխանակումը: Նշելով, որ ՓՄՁ ոլորտը Հայաստանի տնտեսության կարևորագույն և առաջնահերթություն համարվող ոլորտներից մեկն է, Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև ՀՀ-ում և ՌՀ-ում ՓՄՁ ոլորտի քաղաքականությունը մշակող և ոլորտին աջակցող կառույցների միջև գործակցության հաստատումը, փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Երկուստեք ընդգծվել է զբոսաշրջության բնագավառի տեղեկատվական և գովազդային նյութերի պարբերաբար փոխանակումներն ու զբոսաշրջային օպերատորների, նաև` լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպումը:
Ռումինիայի արտաքին գործերի նախարարն ընդունելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի առաջարկությունները, նշելով, որ ռումինական դիվանագիտության մեջ այսօր մեծ տեղ է հատկացվում տնտեսական հատվածին, և դրանով է պայմանավորված նաև իր գլխավորած պատվիրակության կազմում ռումինացի գործարարների ներգրավումը: Նախարար Լազար Կոմանեսկուն ասել է, թե իր հետ բերել է ՌՀ նախագահի և վարչապետի ուղերձը` Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և բոլոր բնագավառներում համագործակցությունն առավել ընդլայնելու և հարաբերությունները սերտացնելու պատրաստակամության մասին:
ՀՀ կառավարության ղեկավարն ու ՌՀ արտաքին գործերի նախարարը դրվատանքով են խոսել ռումինահայ թեև փոքրաթիվ, սակայն այդ երկրի կյանքում կարևոր դերակատարում ունեցող համայնքի մասին: Նախարար Կոմանեսկուի խոսքերով, ռումինիայում հայ համայնքը կարող է ամուր կամուրջ լինել երկու երկրների միջև: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հյուրից հետաքրքրվել է Ռումինիայի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության և ձեռնարկվող միջոցառումների մասին` փոխադարձաբար ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից իրականացվելիք հակաճգնաժամային ծրագրի դրույթները:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բոլոր հիմքերը կան Հայաստանի և Ռումինիայի միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: