երկուշաբթի, 17 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը, ֆինանսական, տնտեսական արդի մարտահրավերներին դիմակայելուն միտված գործակցությանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող աշխատանքների շարունակականության անհրաժեշտությանը և այդ նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» հետ հետագա համագործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ՀՀ վարչապետի վաշինգտոնյան այցի արդյունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Մեթյու Բրայզան գոհունակությամբ է խոսել ՀՀ վարչապետի ԱՄՆ կատարած այցի մասին, նշելով, որ Վաշինգտոնում բավականին տպավորված են ՀՀ կառավարության ղեկավարի հետ ունեցած հանդիպումներով և նաև այն տնտեսական բարեփոխումներով, որոնց ձեռնամուխ է եղել կառավարությունը: Նա, օգտվելով հանդիպման առիթից, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ընթանում բարեփոխումները, ի՞նչ զարգացումներ են դրանք ունենալու:
ՀՀ վարչապետը ներկայացրել է հատկապես հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումները, անդրադարձել է որոշակի ցուցանիշների առումով «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» մտահոգություններին, ինչպես նաև Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմանն ուղղված` ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրին: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում Հայաստանին աջակցության հնարավորությունները: Մեթյու Բրայզան ընդգծել է, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի կողմից ոչ միայն լուրջ և դրական ազդակ է երկու երկրների բարեկամության ու գործընկերության մասին, այլ նաև վկայում է երկրի` ճիշտ ուղով ընթանալու իրողությունը: Նա նշել է, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է ծրագրի շարունակման հարցում, սակայն ըստ նրա, չպետք է մոռանալ, որ այդ որոշման հիմքում համապատասխան ցուցանիշների ապահովումն է:
ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահը վերստին ընդգծել է, թե հակամարտության ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Տարածաշրջանի վերջին զարգացումները, ըստ Մեթյու Բրայզայի, ևս մեկ անգամ ապացուցեցին ուժի կիրառման անթույլատրելիությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցությունը և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու և շարունակաբար զարգացնելու կարևորությունը: