երեքշաբթի, 18 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող` նախօրեին հարձակման ենթարկված հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին:
Վարչապետը հետաքրքրվել է լրագրողի առողջական վիճակով, դատապարտելի միջադեպի վերաբերյալ զրուցել նրա հետ և պատասխանել իրենց գործընկերոջն այցելած լրագրողների հարցերին: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ կարճ ժամկետում մեղավորները կբացահայտվեն: Նա իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ` կարևորելով հասարակության մեջ միմյանց նկատմամբ հանդուրժողականության, փոխադարձ հարգալից վերաբերմունքի համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այդ առումով, կառավարություն-ԶԼՄ-ներ-հասարակություն երկխոսությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ճիշտ լուծումներ կհուշի: