երեքշաբթի, 18 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդային և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԶԲ-ի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որն ունի երկու հիմնական նպատակ` քննարկել հետագա համագործակցության ուղղությունները և մասնակցել Երևանում բանկի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:
Հարուհիկո Կուրոդան դրվատանքով է խոսել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի մասին` նկատի առնելով բարձր տնտեսական աճը, չափավոր գնաճը, իրականացվող շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականությունը: Ըստ ԱԶԲ-ի նախագահի, այսօր Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակյալ ենթակառուցվածք, և այս ուղղությամբ արդեն ԱԶԲ-ն ու ՀՀ կառավարությունը համագործակցում են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել բանկի կողմից մեր երկրում գյուղական ճանապարհների վերականգնման, ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի ծրագրերի ու տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանը ցուցաբերվող աջակցության համար` ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող ՀՀ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից հիշյալ երեք ծրագրերն էլ համարելով չափազանց կարևոր: Տիգրան Սարգսյանը հյուրին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները և առկա ներուժը: Նա, մասնավորապես, ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը, գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությունը, հատկապես, ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաև ԱԶԲ-ի հարուստ փորձի կիրառմամբ` ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ներդրմանն օժանդակությունը, ՓՄՁ ոլորտի վարկավորումը` ՀՀ բանկերին վարկային ռեսուրսների տրամադրման միջոցով: Վարչապետն ակնկալել է նաև ԱԶԲ-ի մասնակցությունը Հայաստանում տեխնոպարկերի և ազատ տնտեսական գոտիների ձևավորման, տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում:
ՀՀ կառավարության ղեկավարը Հարուհիկո Կուրոդայից խնդրել է նաև ԱԶԲ-ի խորհրդում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով, աջակցել խորհրդում մեր երկրի ներկայացվածությանը:
ԱԶԲ-ի նախագահը կարևոր է համարել ՀՀ վարչապետի բոլոր առաջարկները, նշելով, որ մի շարք ոլորտներում բանկն ունի մեծ փորձ և պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Տիգրան Սարգսյանի նշած ոլորտներին Հարուհիկո Կուրոդան ավելացրել է նաև ՏՏ ոլորտը, որտեղ, ըստ նրա, Հայաստանը լուրջ ներուժ ունի: Բանկի նախագահը խոստացել է առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացված առաջարկությունները հանգամանորեն քննարկել և արձագանքել: