հինգշաբթի, 18 հունվարի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունն ընդունեց ՀՀ 2001 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշում, որով սահմանվում են ընթացիկ տարվա բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները: Այդ որոշումը բխում է «ՀՀ 2001 թ. պետբյուջեի մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներից, և փասորեն, առաջին անգամն է, որ բյուջեն հաստատվելուց հետո կառավարությունը սահմանված ժամկետներում ընդունում է դրա կատարման համամասնությունները, այն դեպքում, երբ 1999-ին այն հաստատվել է հոկտեմբերին, իսկ 2000-ին, ընդհանրապես չի հաստատվել:
ՀՀ 2001 թ. պետական բյուջեի եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների եռամսյակային բաշխումը կանխատեսվել է ՀՀ բյուջետային դասակարգմանը համապատասխան՝ հաշվի առնելով 1998-2000 թթ. փաստացի մուտքերի եռամսյակային համամասանությունները, առանձին եկամտատեսակների գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված եռամսյակային հայտերը, 2000 կամ 2001 թթ.-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները: Հարկային եկամուտների եռամսյակային բաշխումը կատարվել է ըստ առանձին հարկատեսակների՝ հաշվի առնելով 1998-99 թթ. փաստացի մուտքերի, իսկ հաստատագրված վճարների դեպքում՝ նույն ժամանակաշրջանում ներմուծված կամ արտադրված ապրանքների ֆիզիկական ծավալների եռամսյակային համամասնությունները: Բյուջետային մուտքերի ստացման եռամսյակային համամասնությունները հաշվի առնելով, կատարվել է նաև բյուջետային ելքերի եռամսյակային բաշխումը՝ ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների:
Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի մարման և սպասարկման եռամսյակային համամասնությունները սահմանվել են ըստ վարկային պայմանագրերի: ՀՀ 2001 թ. պետական պարտատոմսերի թողարկումների և մարումների ծրագրում եռամսյակային համամասնությունները պայմանավորված են պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի սեզոնայնությամբ: Պետական բյուջեով նախատեսված մուրհակների մարման և սպասարկման եռամսյակային համամասնությունները տրվել են ըստ տրամադրված մուրհակների մարման ժամկետների: Նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարումը նախատեսվում է սկսել 2-րդ եռամսյակից՝ նկատի ունենալով, որ այդ ժամանակ է ավարտվում տարեկան հաշվետության կազմման գործընթացը և ըստ այդմ պարզ կլինի դրանց կազմն ու կառուցվածքը: Երկրորդ եռամսյակում նախատեսվում է մարել մոտ 3,8 մլրդ դրամ պարտք:
2001 թ. առաջին եռամսյակում ծրագրվում է վերականգնել 2000 թ. պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման միջոցների կուտակման հաշվից ներգրավված միջոցների ամբողջ գումարը:
Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Իրավական ակտերի մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Առաջինով սահմանվում են ՀՀ իրավական ակտերի տեսակներն ու ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:
Երկրորդ օրենքի նախագծով նպատակ է դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնել «Անհատ ձեռներեցի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել վարձու աշխատողներ ունենալու: Օրենքի նախագծով սահմանվում են անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, գործունեության երաշխիքները և դադարեցման պայմանները:
Նիստում հաստատվեց ՀՀ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք հատուկ և դասային կոչումներ սահմանելու, դրանց համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:
Այլ աշխատանքի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակվելու կապակցությամբ, կառավարությունը զբաղեցրած պաշտոնից ազատեց Կոտայքի մարզպետ Սամվել Ստեփանյանին: Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզպետ նշանակվեց Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար Կովալենկո Շահգելդյանը: