երեքշաբթի, 18 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ներկայացուցիչներին` գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հրապարակվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը, օրերս ՀՀ ԱԺ-ում ներկայացվել է նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագիրը, որտեղ շեշտադրված է ստեղծված իրավիճակում արագ և համալիր գործողությունների իրականացման անհրաժեշտությունը: Այդ մոտեցումը, վարչապետի հավաստմամբ, Վաշինգտոնում կարևորում էին նաև ՀԲ-ի փորձագետները: Հայաստանը, ըստ Տիգրան Սարգսյանի, կարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին, այժմ, սակայն, երկրորդ` տնտեսակա՛ն ճգնաժամի ալիքն է մտահոգում աշխարհի երկրներին, և Հայաստանը ևս դրա ազդեցության մեղմման ուղղությամբ պետք է քայլեր նախապատրաստի:
Տիգրան Սարգսյանը, ՀԲ-ի ներկայացուցիչներին առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ-ի փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին, իրականացնել որքան հնարավոր է շուտ: Առաջարկն արվել է` նկատի առնելով, որ ՀԲ-ի ընթացակարգերով հատկացման աշխատանքները կավարտվեն միայն 2009թ. գարնանը: Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորման Հայաստանի ծրագիրը, ժամանակին գերմանական KFW բանկի կողմից համարվել է աշխարհում լավագույնը, և այժմ մտադրություն կա հաջողված փորձը կիրառել` կտրուկ ավելացնելով վարկավորման ծավալները, հաշվի առնելով նաև բավականին մեծ պահանջարկը: Հայաստանյան բանկերը, Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ, կարող են և պատրաստ են մեծ ծավալի գումարներ տեղաբաշխել: ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ելնելով, այսօր նամակ է ուղարկել նաև ՀԲ-ի փոխտնoրենին և տարածաշրջանային տնօրենին` ակնկալելով ՓՄՁ ծրագրի վարկավորման հնարավորինս շուտ իրականացում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այլ ֆինանսական կառույցների հետ ևս բանակացություններ են վարվում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: