հինգշաբթի, 20 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Միասին» շարժման ավելի քան հինգ տասնյակ երիտասարդների հետ: Նախորդ հանդիպման պայմանավորվածության համաձայն, երիտասարդները ՀՀ կառավարության ղեկավարին այսօր ներկայացրել են կրթական համակարգում հակակոռուպցիոն պայքարի իրենց ծրագիրը` իբրև աջակցություն կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում: ՀՀ վարչապետը ողջունել է շարժման նպատակադրումը, կարևորելով հատկապես երիտասարդների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ արատավոր երևույթների, այդ թվում` կոռուպցիայի նկատմամբ հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, նման երևույթների դեմ հետևողական պայքար մղելու, դրանով իսկ երկրում իրականացվող հիմնարար բարեփոխումներին օժանդակելու խնդիրները:
Տիգրան Սարգսյանը, վստահեցրել է, որ կառավարությունը ըստ ամենայնի կաջակցի «Միասին» շարժմանը նմանատիպ նախաձեռնություններում, ակնկալելով սերտ և արդյունավետ համագործակցություն` ի նպաստ մեր պետական, հասարակական կյանքում դրական տեղաշարժերի ապահովման:
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը պատասխանել է նաև հակակոռուպցիոն պայքարի իրականացման գործում երիտասարդներին մտահոգող բազմաթիվ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` բուհերում հակակոռուպցիոն ծրագրի մեկնարկից որոշ ժամանակ հետո, կրկին հանդիպել և ամփոփել առաջին արդյունքերն ու առկա խնդիրները: