երկուշաբթի, 16 դեկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբին խմբի ղեկավար Լևոն Դավթյանի գլխավորությամբ։ Վարչապետը ողջունել է իրանցի խորհրդարանականների այցը մեր երկիր, ուրախությամբ նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մեր հայրենակիցները, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նրանք ակտիվ ներգրավված են այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքում և հնարավորինս նպաստում են հայ-իրանական կապերի ամրապնդմանը։ Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տնտեսական փոխգործակցության ակտիվացումը։ Նա գոհացուցիչ է համարել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի օրերս կայացած նիստի արդյունքները, որի աշխատանքի մասին նիստից հետո զեկուցվել է իրեն։ Վարչապետը հույս է հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ հետևողական աշխատանքով հնարավոր կլինի իրագործել. «Կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում հայ-իրանական հարաբերությունները, հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Կցանկանայի, որ միջկառավարական հարաբերությունների օրինակով զարգացում ապրեր նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը», -հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետը։
Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ է նշել անցյալ տարի ՀՀ նախագահի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորածությունների ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։ Նա միանգամայն ընդունելի է համարել իրանցի պատգամավորի առաջարկը սահմանակից Ատրպատականի և ՀՀ Սյունիքի մարզի համագործակցության օրինակով, մյուս մարզերի միբև ևս կապերի հաստատումն ու զարգացումը, որոնք որոշակի ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր ունեն։ Երկուստեք ընդգծվել է նաև էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրագործման ուղղությամբ արվող քայլերի կարևորությունը։
Իրան-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար պրն Լևոն Դավթյանը նշել է, որ Իրանում հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, հատկապես առաջիկա երկու ընտրություններից առաջ և հույս ունեն, որ քաղաքական բոլոր ուժերի ջանքերով երկրում առկա կայունությունն ու խաղաղությունը կպահպանվի։ Նա ուրախությամբ է նշել Հայաստանի տնտեսական աճի պարագայում արձանագրված Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալների որոշակի աճի մասին։ Պրն Դավթյանի բնորոշմամբ, Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առումով։ Նա գոհունակություն է հայտնել միջազգային կառույցների շրջանակներում մեր երկու երկրների համագործակցությունից և հույս հայտնել, որ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների համանախագահությունն ստանձնած Հայաստանը հնարավորինս կաջակցի և կնպաստի այդ կառույցին Իրանի անդամակցությանը ևս։