ուրբաթ, 21 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ ՀԲ-ի պատվիրակության այցը ճիշտ ժամանակին է, քանի որ, ըստ Տիգրան Սարգսյանի, միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի և ԱՄՀ-ի օժանդակությունն այսօր չափազանց էական է մեր երկրի համար: Նա ընդգծել է, որ այդ օժանդակության շնորհիվ, Հայաստանը մինչ այժմ կարողացել է դիմակայել համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքին, բայց նման աջակցությունը ներկայումս ավելի քան հրատապ է, քանի որ արագ և համալիր գործողություններ չիրականացնելու դեպքում, սպասվող արդեն տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին շատ ավելի դժվար կլինի դիմագրավել: Մանավանդ որ, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մասշտաբները զգալիորեն աճել են ու մեծ ռեսուրսներ են պահանջում: ՀՀ վարչապետը նշել է, որ Վաշինգտոնում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ՀԲ-ի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունը, համագործակցության ծրագրի շրջանակներում, կուղղվի մեր երկրի տնտեսության ռազմավարական երեք ուղղությունների` էներգետիկ համակարգի, խմելու և ոռոգման ջրի, ճանապարհային շինարարության ոլորտներում հիմնարար ծրագրերի, ինչպես նաև ավելի փոքր ֆինանսական միջոցներ պահանջող` կրթության, կառավարման համակարգի, գյուղատնտեսության, սոցիալական ներդրումների ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Ակնկալվող ևս 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակությունը կտրամադրվի փոքր և միջին ձեռնարկատիրության խթանմանը:
ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն են արտահայտել բարձրացված հարցերի շուրջ, անդրադարձել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հնարավոր զարգացումներին: