շաբաթ, 22 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը բանկային աշխատողի օրվա և ՀՀ դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ
Թույլ տվեք շնորհավորել բանկային աշխատողի օրվա և մեր ազգային արժույթի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը մեզ լավագույն հնարավորությունն է ընձեռում վերանայել և ամփոփել տարեց տարի զարգացող հայկական ֆինանսաբանկային համակարգի ձեռքբերումները:
Հայկական բանկային համակարգը կարճ պատմական, սակայն բովանդակությամբ հարուստ ուղի է անցել: Նորանկախ մեր երկրում բանկերի ձևավորումն ու ՀՀ արժույթի թողարկումը նոր Հայաստան կերտելու ազգային կամքի մի մասնիկը հանդիսացան: Ժամանակի դժվարին հանգամանքների առկայության պայմաններում ֆինանսաբանկային համակարգի զարգացումն ուղեկցվեց բազմաթիվ փորձություններով: Հասարակության կողմից թերահավատությունը հայկական բանկերի և դրամի նկատմամբ ամենամեծ մարտահրավերներից մեկն էր: «Ազգային արժույթ», «ավանդ», «վարկ», «բանկային փոխանցում» հասկացությունները խորթ էին նախկին խորհրդային պետության քաղաքացիների համար և մարդիկ մեծ դժվարությամբ էին ընտելանում դրանց: Նպատակաուղղված ջանքերի և կանոնակարգված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները և բարձրացնել վստահության մակարդակը ՀՀ բանկերի և դրամի նկատմամբ:
Այսօր հպարտությամբ ենք ասում, որ մենք ունենք կայուն ու վստահելի ազգային արժույթ և բանկային համակարգ: Դրա վառ ապացույցն են հանդիսանում`
- համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու մեր ֆինանսաբանկային համակարգի արդեն իսկ ցուցաբերած ունակությունը
- և զարգացած երկրներին բնորոշ բանկային մշակույթի ձևավորումն ու սրընթաց զարգացումը մեր երկրում:
Շնորհավորելով ևս մեկ անգամ` բանկային համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն և արդյունավետ աշխատանքային գործունեություն: